Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է այն հրապարակմանը, ըստ որի 2019թ.-ի դեկտեմբերին տոնական ծախսերն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացված 271 մլն դրամը հանգեցրել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառության դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում:
Հարկ է ընդգծել, որ հայտնի չէ, թե այդ հավելյալ ծախսերի, ո՞ր մասն է բաժին ընկել Ամանորի հետ կապված ՀՀ քաղաքացիների ծախսերին, և ո՞ր մասը՝ զբոսաշրջիկների թվաքանակի աճով պայմանավորված ծախսերին: Այս համատեքստում ներկայացնենք ՏԶՆԿ-ի դիտարկումները՝
1. Նշված ժամանակահատվածները համադրելի չեն այն պարզ պատճառով, որ 2018թ.-ի դեկտեմբերի 28-ը աշխատանքային օր է եղել, մինչդեռ 2019թ.-ի դեկտեմբերի 28-ը՝ ոչ: Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն իրենց ամանօրյա՝ պլանավորված ծախսերը հնարավոր է կատարել են հանգստյան օրերին: Վերոնշյալը վերաբերում է ոչ միայն պարենային ապրանքների ձեռքբերմանը, այլև նվերների և կենցաղային տեխնիկայի նպատակով գնումներին՝ հաշվի առնելով ամանօրյա զեղչերը:
2. Կարևոր է նկատել նաև, որ 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառության համատեքստում չի ներկայացվել, թե ծախսերի մեջ քանի՞ տոկոսն է կազմել 2020թ.-ի հունվարի 1-6 ընկած ժամանակահատվածի ծախսերը և դրա աճի տեմպերը, որի պարագայում հնարավոր կլիներ տարանջատել՝ դա արդյոք պայմանավորված է գերազանցապես զբոսաշրջիկների թվաքանակի զգալի աճով, թե ՀՀ քաղաքացիների նախատեսված ծախսերը հանգստյան օրերին կատարելու հանգամանքով կամ վերջիններիս աճով:
3. Ըստ ՏԶՆԿ վերլուծություններից մեկի՝ ՀՀ-ում ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով մեկ զբոսաշրջիկը միջինում կատարել է 711 ԱՄՆ դոլարին համարժեք ծախս 2019թ.-ի 9 ամիսների ընթացքում: Հետևաբար, ստացվում է, որ 9 մլրդ 307 մլն դրամի (19.4 մլն ԱՄՆ դոլար) հավելյալ եկամուտ ապահովելու համար անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան պետք է լրացուցիչ 27,290 զբոսաշրջիկ այցելած լիներ (27,290*711=19.4 մլն ԱՄՆ դոլար), որը քիչ հավանական է:
Այսպիսով՝ 2019թ.-ի դեկտեմբերի 28-ից մինչև 2020թ.-ի հունվարի 6-ը հավելյալ ծախսերի աճը պայմանավորված է ՀՀ տնային տնտեսությունների նախատեսված ծախսերը (պարենային և ոչ պարենային ապրանքները՝ ներառյալ կենցաղային տեխնիկա) հանգստյան օրերին կատարելու, զուգահեռ նաև ՀՀ այցելած զբոսաշրջիկների քանակի աճի հանգամանքով: Հետևաբար՝ հավելյալ դրամաշրջանառությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես զբոսաշրջիկների թվաքանակի էական աճով, և այստեղ գործ ունենք թվային մանիպուլյացիայի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը