25 06 2020

Վրաստանը հուլիսի 1-ից հետո կպահպանի մի շարք երկրներից զբոսաշրջրիկների մուտքի արգելքը

Վրաստանը հուլիսի 1-ից հետո կպահպանի մի շարք երկրներից զբոսաշրջրիկների մուտքի արգելքը

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ սահմանների բացմամբ երկրում համաճարակային իրավիճակը վատթարանա, ուստի առաջիկայում նախատեսվում է զբոսաշրջիկներ ընդունել միայն կորոնավիրուսի տարածման ցածր մակարդակով երկրներից: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրուցում ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: 

Հուլիսի 1-ից Վրաստանը սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Առաջիկա օրերին իշխանությունները պետք է ներկայացնեն «կանաչ երկրների» ցուցակը, այսինքն՝ համաճարակաբանական տեսակետից անվտանգ երկրների: Սպասվում է, որ Վրաստան մուտքը կթույլատրեն Գերմանիայից, Չեխիայից, Ավստրիայից, Բալթյան եւ մի շարք այլ երկրներից ճանապարհորդների համար: Ամենայն հավանականությամբ, այս ցուցակի մեջ չեն հայտնվի Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը եւ եւս մի քանի երկրներ, որտեղից Վրաստանը ամենամեծ թվով զբոսաշրջիկների էր ընդունում:

Վրաստանը, որտեղ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին, առաջին երկրներից էր, որը խիստ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեց COVID-19-ի դեմ: Կորոնավիրուսով հիվանդների կառավարման հաջողված ռազմավարության հետ միասին դա թույլ տվեց Վրաստանին արագորեն հաղթահարել համաճարակի առաջին ալիքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ