Սիրելի հայրենակիցներ,
Դեկտեմբերի 5-ն արդեն տասներորդ տարին անընդմեջ նշվում է որպես Մրցակցության միջազգային օր՝ հանրության ուշադրությունը սևեռելով խնդիրների վրա, որոնք մրցակցության պաշտպանությունն ապահովող մարմինների օրակարգում են:Տնտեսական քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, ծրագրերը կարող են լավագույնս կյանքի կոչվել, երբ իրապես ապահովված են արդար և բարեխիղճ մրցակցության խաղի կանոնները:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ տնտեսության մեջ ունենք դրական զարգացումներ: Ավանդաբար «փակ» շուկաներում այսօր հայտնվում են նոր մասնակիցներ, փոքրացել է գերիշխող դիրք ունեցողների մասնաբաժինը, ինչը դրական ազդեցություն է ունենում մրցակցային միջավայրի վրա:
Անշուշտ բարեխիղճ մրցակցության մշակույթի արմատավորման հարցում ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի բոլոր տնտեսվարողների մոտ՝ անկախ շուկայում գրաված դիրքից և ազդեցությունից, արդար խաղի կանոններին հետևելը դառնա վարքագծի նորմ, միաժամանակ ունենանք իր իրավունքներին քաջատեղյակ, պահանջատեր սպառող:
Սակայն շատ կարևոր է, որպեսզի նաև համընդհանուր գիտակցում լինի, որ երկրում արդար և բարեխիղճ մրցակցությունից կախված է յուրաքանչյուրիս բարեկեցությունը. չէ՞ որ մրցակցությունից շահում են թե՛ բիզնեսը, թե՛ քաղաքացիները և թե՛ պետությունը:
Կա ազատ և արդար մրցակցություն՝ տնտեսությունն առողջ է, դինամիկ աճում է և զարգանում, հեշտ է դիմագրավում արտաքին մարտահրավերներին, բիզնեսն անընդհատ կատարելագործվում է, դառնում է ավելի նորարար, քաղաքացիները ձեռք են բերում որակյալ ապրանքներ և ծառայություններ մրցակցային գներով: Հետևապես արձանագրենք, որ օրենքին հետևելը բխում է բոլորիս շահերից:
Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության միջազգային օրվա առթիվ և մաղթում, որ մեր բոլոր ապրանքային շուկաներում գերիշխի միայն բարեխիղճ մրցակցությունը, և այդ մրցակցությունից ստեղծվեն բիզնեսի հաջողության նոր պատմություններ՝ հարստացնելով մեր երկիրը, տնտեսությունը, քաղաքացիներին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը