28 05 2024

Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների հաղթահարմանը. Գարեգին Բ

Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների հաղթահարմանը. Գարեգին Բ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով.

«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով։

Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձությունները անկյունաքարային նշանակություն ունեցան հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և մեր ազգային կյանքի վերազարթոնքի գործում։ Հայոց Ցեղասպանության սոսկալի ողբերգությունը վերապրած մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարի ելավ և կերտեց իր փառապանծ հաղթանակները։

Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների։

Սիրելիներ, Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ հանուն հայրենական մեր կյանքում խաղաղության հաստատման և արժանապատիվ գոյընթացի, նպատակասլաց հանձնառությամբ և առ հայրենին սիրով ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների ու փորձությունների հաղթահարմանը և հզոր ու անվտանգ մեր պետության կերտմանը։

Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատենք մեր կյանքում ապահովություն և խաղաղություն։

Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը պահապան և օգնական լինի մեր ժողովրդին՝ ամուր պահելու աստվածապարգև մեր ազատությունն ու անկախ պետականությունը և համազգային ներուժով շեն ու բարօր դարձնելու մեր նվիրական հայրենիքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ