ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր ազգային գիտակցության, պատմական պատասխանատվության և անձնազոհ խիզախության ժամանակն է:
Հայ ժողովրդի նվիրյալ զավակները 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մղեցին, որ հետագա բոլոր սերունդներն ապրեն աստվածապարգև իրենց Հայրենիքում, ապրեն արժանապատիվ՝ ազատ ու անկախ, խոսեն հայերեն, հաճախեն հայոց եկեղեցի, սովորեն հայոց պատմություն:
Հավերժ փա´ռք բազում այն երախտավորներին, ովքեր անձնուրացաբար կերտեցին Մայիսի 28-ը` փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին, հոգևորականներին և բոլոր նրանց, ովքեր նախընտրեցին պատվով ապրելը:
Հնազանդվելու, նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն մուրալու, թուրքական հպատակության տակ գոյությունը քարշ տալու կոչեր անողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր չունեին և չունեն ազգային հավաքական իրավունքները, շահերն ու վտանգները գիտակցելու, իրականությանը ուղիղ նայելու և գործելու խիզախություն:
Պատմությունը վկա՝ հաղթանակը տրվում է արժանիներին, և այսօր՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞ արժանանալ նզովքի:
Վստահ եմ՝ պետությունը և եկեղեցին դարձյալ մնալու են իրենց առաքելությանը հավատարիմ, և ճակատագրական այս օրերին Սարդարապատի խորհրդանշական զանգերը ղողանջելու են ի նշան ճշմարտության և արժանապատվության հաղթանակի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը