01 09 2024

Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով

Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով

Մայր աթոռից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք հղում կրթության գործի նվիրյալներին, բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:

Նվիրական այս օրը վերստին բացվում են կրթական հաստատությունների դռները` իրենց հարկից ներս ընդունելու ուսումնասեր մեր զավակներին:  

Կրթօջախներում ամբարած գիտելիքներն ու իմացությունը գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և մեր երկրի առաջընթացի ու զարգացման, իսկ կրթության հետ փոխանցվող հոգևոր-բարոյական մնայուն արժեքները`  հայրենանվիրումի, ազգասիրության և մեր սրբությունների հանդեպ հավատարմության:

Արդարև, ինչպես վկայում է սուրբգրային խոսքը. «Երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն» (Առակ. Բ 10):

Սիրելի մանկավարժներ, թող Տերը առատորեն արդյունավորի ձեր նվիրյալ ջանքերը` հայրենյաց ավանդներով ու հոգևոր-ազգային արժեքներով կրթելու և դաստիարակելու ուսումնատենչ ու շնորհաշատ մեր զավակներին` հանուն հայրենիքի զորացման և մեր ժողովրդի առաջընթաց կյանքի:

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված քաջարթուն միտք պարգևի ձեզ և ուսումնական նոր տարում առավել փութաջանորեն լծվեք նորանոր գիտելիքներ ամբարելուն:

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն:

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ