Politeconomy.org-ը գրում է․ «Կառավարությունը հաստատեց «Սևանա լճում ձկան, խեցգետնի պաշարների վերականգման, որսի քանակների, ձևերի կարգը»: Հասարակական ընկալումներում այս հարցՆ ավելի շուտ բնապահպանության ոլորտին է վերաբերում, քան տնտեսությանը: Մինչդեռ հակառակ պնդումն ավելի մոտ է իրականությանը:
Ձկնաբուծությունն ու խեցգետնաբուծությունը վերջին տասնամյակներին մեր տնտեսության թե՛ նկատելի, թե՛ արագ աճող ու նաև անհասկանալի կրճատվող ու վերականգնվող ճյուղերից են: Ընդ որում՝ արտահանման հստակ միտում ունեցող ճյուղերից:
Մասշտաբներն ընդգծելու համար կարելի է, օրինակ, համեմատել մեր տնտեսության համար ավանդական համարվող գինեգործության մասշտաբների հետ: Դիտարկենք այս տարվա թվերը: Այս տարվա 9 ամիսների ընթացքում մեր երկիրն արտահանել է 19.7 մլն դոլար արժեքի թարմ ձուկ (և 630 հազար դոլար արժեքի կենդանի ձուկ): Մինչդեռ խաղողի գինի ու շամպայն ապրանքատեսակների արտահանման ծավալը ընդամենը 6.65 մլն դոլար է: Պետք չէ ենթադրել, որ սա մեկ անգամյա պատահական արդյունք է: Անցած տարի թարմ ձկան արտահանման ծավալը կազմել է մոտ 22.6 մլն դոլար: Իսկ գինու արտահանման ծավալը շատ ավելի համեստ է` 9.45 մլն դոլար: Սակայն ձկնաբուծության ոլորտի տվյալների դիտարկումից նկատելի է, որ արտահանումների ծավալը խիստ տատանվող է:
Վերջին տասը տարում արտահանման ամենափոքր ծավալը գրանցվել է 2010թ․` արտահանվել է 67 հազար դոլարի կենդանի ձուկ: Բայց հենց հաջորդ տարվանից նկատելի է, որ ոլորտում մեծամասշտաբ «ստվերի կրճատում է տեղի ունեցել»: 2011-ի արտահանման ծավալը 5.6 մլն դոլար է: Իսկ տասնամյակի ամենաբարձր ցուցանիշը հենց անցած տարի է գրանցվել (22.6 մլն դոլար): Այս տարվա 9 ամսվա տվյալներից կարելի է եզրակացնել, որ ավելի մեծ տվյալ կարձանագրվի:
Մեր ձկնաբուծությունը այս արդյունքներն արձանագրում է ոչ Սևանա լճի հաշվին: Սակայն դեռ 2000-ական թվականների սկզբից արտահանման մի քանի ուղղություններով (թե՛ Եվրոպա, թե՛ Ռուսաստան) Սևանի խեցգետինը պահանջարկ ունեցող ապրանքանիշ էր դարձել: Շուկան ու սպառումը ձևավորվել էին դեռ նախորդ դարի վերջին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 1999թ․ Հայաստանից արտահանվել է անհավանական արժեքի` 452 հազար դոլարի խեցգետին: 2002թ․ առաջին անգամ արտահանումների ծավալը գերազանցեց 1 մլն դոլարի սահմանագիծը՝ կազմելով մոտ 1.7 մլն դոլար:
Ոլորտի արտահանման լավագույն ցուցանիշները գրանցվել են 2013-2014թթ․` 15.1 մլն, 13.2 մլն դոլար համապատասխանաբար: Պետք է արձանագրել, որ Սևանա լճում խեցգետնի որսի մենաշնորհ չկար: Չկար նաև արտահանման մենաշնորհ: Սա որպես դրական փաստ արձանագրելով ավելացնենք, որ չկար նաև որևէ կարգավորում: Նոր ցանցերով չկարգավորվող որսի հետևանքով արտահանման ծավալները հետագա տարիներին կտրուկ անկում ապրեցին: Ինչ որ պահի դեռ հնարավոր էր հարևան երկրներից խեցգետին ներմուծել, ու այն թե՛ տեղական, թե՛ արտաքին շուկայում իրացնել «Սևանի խեցգետնի» ապրանքանիշի տակ: Սակայն վերջին տարիներին տեղական խեցգետնի քանակի կրճատումը բացառեց այդ «հնարքը»: Բացառեց գոնե արտերկրում:
2016թ․ խեցգետնակերպների արտահանման մասշտաբն առաջին անգամ նվազեց 1 մլն դոլարի ցուցանիշից (արտահանման ծավալը մոտ 782 հազար դոլար էր): 2017-ին արտահանվել է մոտ 110.5 հազար դոլարի, իսկ 2018-ին՝ ընդամենը 67 հազարի չափով: Այս տարվա 9 ամիսների ցուցանիշը` մոտ 6.5 հազար դոլար ընդգծում է, որ խեցգետնաբուծությունը Սևանա լճում մասնավորապես, ու մեր երկրում՝ ընդհանրապես, վերանալու եզրին է: Բայց այն, որ արդեն 267 հազար դոլարի խեցգետին է ներմուծվել, նշանակում է, որ ներքին շուկայում դեռ հնարավոր է ներկրվածն իրացնել: Իրացնել մասամբ՝ որպես տեղական: Իսկ արտահանել` ոչ: Ու հիմա կառավարությունը հաստատեց «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը»: Կստացվի, թե ոչ` ժամանակը ցույց կտա: Սևանին վերաբերող թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական հարցերում կառավարական ծրագրերն ավելի հաճախ հակասության են հանգում։ Անցած դարի 30-ական թվականներից սկսյալ։ Իսկ դա «հիմնավոր» արդարացում է։
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը