28 06 2019

Այժմ ավելի ճիշտ է ԵԱՏՄ-ում ներքին աճ ապահովելը, քան ընդլայնվելը. Տիգրան Սարգսյան

Այժմ ավելի ճիշտ է ԵԱՏՄ-ում ներքին աճ ապահովելը, քան ընդլայնվելը. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման, միասնական վճարման համակարգի ստեղծման, ինչպես նաև միասնական թվային էկոհամակարգի գործարկման մասին:

Ռոումինգի հարցին անդրադառնալով՝ Տիգրան Սարգսյանն ասել է.

«Մենք ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին դիմել ենք այն խնդրանքով, որ ԵԱՏՄ տարածքում գործի նույնպիսի ոչ ռոումինգային ռեժիմ, ինչպիսին որ գործում է Ռուսաստանում: Այժմ մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր հինգ պետություններում գործող օպերատորների հետ, որպեսզի նրանք ՌԴ օրինակով համաձայնության գան և չեղարկեն ԵԱՏՄ տարածքում ռոումինգը: Պետք է նաև ընդգծել, որ հանձնաժողովի իրականացրած աշխատանքի շնորհիվ, ԵԱՏՄ տարածքում ռոումինգի գինը մի քանի անգամ կրճատվել է, ինչն էական առաջընթաց է: Այժմ մենք պետք է բանակցային սեղանի շուրջ նստեցնենք օպերատորներին, որպեսզի ռոումինգի չեղարկման համաձայնեցված որոշում կայացնենք»:

Լրագրողը հետաքրքրվել է՝ որքանով է հեռանկարային նոր անդամ պետությունների, օրինակ՝ Տաջիկստանի հաշվին Միության ընդլայնումը, և արդյոք կարող են Մոլդովայից բացի նոր դիտորդ պետություններ հայտնվել:

«Ներկայում մեր օրակարգում նման հարց չկա: Ինտեգրման զարգացման ներկայիս փուլում մենք պետք է խորացնենք այն, ոչ թե ընդլայնենք: Պետք է վերացնենք արգելքները, սահմանափակումները, բռնագանձումները, որպեսզի մեր ընդհանուր շուկաները լիարժեք գործեն: Այդ դեպքում մեր Միության գրավչությունը մի քանի ագամ կավելանա: Ուստի՝ անդամ երկրների ղեկավարները մեր առջև նման առաջադրանք են դրել»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ այժմ ավելի ճիշտ է ներքին աճ ապահովելը, քան ընդլայնվելը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ