Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը հղումով։
Նշվում է, որ համաժողովը ժամանակով հարմարեցված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այն նվիրված է լինելու Եվրասիական տնտեսական միության տասնամյա գործունեության արդյունքներին, դրա զարգացման հեռանկարներին ու առաջնահերթություններին։
«Համաժողովի նպատակը Եվրասիական տարածքում առևտրական կապերի կատարելագործումն է: Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, Միության երկրների պետական մարմինների, ինչպես նաև երրորդ երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը զարգացնելու հարցում»,- նշել են մամուլի ծառայությունից։
Համաժողովի ծրագիրը ներառում է ավելի քան 30 միջոցառում, այդ թվում՝ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստ՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ չորս ազատությունների ապահովման հրամայական» թեմայով։
Քննարկումների ընթացքում անդամ երկրների և երրորդ երկրների փորձագետները կքննարկեն միության ռազմավարական զարգացման նոր ուղղությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը