31 08 2024

Ծխախոտի շուկայում ԵԱՏՄ կարգերը չեն պահպանվում. «Ժողովուրդ»

Ծխախոտի շուկայում ԵԱՏՄ կարգերը չեն պահպանվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարեսկզբին տեղեկատվական դաշտում հայտնվեց լուր, որ ԵԱՏՄ իրավական կարգավորումների շրջանակում Հայաստանը պարտավորվել է թույլատրել վաճառքի միայն համապատասխան մակնշմամբ տուփերով ծխախոտ: Սա նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի շուկայում կարող է վաճառվել (արտադրվել, ներմուծվել) ծխախոտ, որի տուփի վրա առկա է ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների տեսակների պատկերներ:

Նման նկարներով ծխախոտ ԵՄ երկրներում վաճառվում է բավականին երկար ժամանակ ու համաշխարհային տենդենց է: Մեր երկրում, սակայն, կարծես թե այդ հարցին վերաբերվում են մատների արանքով․ մեր լրագրողը ֆիքսել է, որ այդ պահանջը ՀՀ ում ամբողջապես չի պահվում, ու վաճառվող ծխախոտի տուփերի բավականին մեծ տոկոսի վրա փոփոխություն չկա, պարտադրված պատկերները բացակայում են։

Պարզ չէ՝ գործ ունենք պետական ապարատի հերթական անտարբերության դրսևորմա՞ն հետ, թե՞ գոյություն ունի այլ խնդիր: ՊԵԿ օպերատիվ վարչության մեր աղբյուրները պնդում են, որ շատ ընկերություններ փաստաթղթերով ցույց են տալիս, թե իրենց ծխախոտները ներմուծվել կամ արտադրվել են մինչև 2024 թ․ հունվարի մեկը, երբ կարգավորումները դեռևս չէին մտել ուժի մեջ, ինչը, մեղմ ասած, իրականության հետ քիչ աղերս ունի, ու ամենայն հավանականությամբ գործ ունենք պահանջն ու օրենքը շրջանցելու արատավոր դեպքերի հետ:

Ի դեպ, ծխախոտի հարցում հաճախ վիրտուալ ակտիվություն դրսևորող առողջապահության նախարարությունը նույնպես, կարծես թե, չի տեսնում շուկայում առկա այս խնդիրներն ու հարցերը, որոնք ոտնահարում են օրենքը․ չնայած, որ դժվար է գտնել հարթություն, որտեղ այս նախարարությունն իր տեղում է:

Մենք շարունակում ենք հետևել ծխախոտի շուկայում կատարվող զարգացումներին եւ այս առումով կլինեն հետաքրքիր բացահայտումներ․ իսկ մինչ այդ իշխանությունները թող խոսեն օրենքի գերակայությունից, օրենքի տառն ու բառը պահելուց․․․․Իրականությունը, այնուամենայնիվ, այլ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ