Վարելահողերի մոտ 200 հազար հեկտարը չի մշակվում: Այս մասին մարտի 20-ին Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Անընդհատ հավաքում ենք օպերատիվ տվյալներ, որպեսզի օբյեկտիվ իրավիճակ տանք, բայց էստեղ, կարծում եմ, ավելի կարևոր է, թե մարդն ինչու պետք է մշակի կամ ինչու չպետք է մշակի հողը»:
Ըստ նրա՝ պետք է հողի մշակումն արդյունավետ լինի, որպեսզի մեկ սանտիմետր հող անգամ անմշակ չմնա, բայց դա մեկ տարում չի լինի:
Գեղամ Գևորգյանն անդրադարձավ նաև անասնապահության ոլորտին:
«Մենք ընդհանրապես, ֆինանսավորելու են անասնապահությունը: Անասնապահությունը, մասնավորապես ոչխարաբուծությունը լուրջ ուղղություն են: Ընդհանրապես անասնապահությունը լուրջ պոտենցիալ ունի: Միայն տավարի մսի դեֆիցիտն ամբողջ ԵՏՄ տարածքում բավականին լուրջ է: Այսինքն` մենք որքան արտադրենք, ապա դրա եւ՛ ներքին, եւ՛ արտաքին պահանջարկը կլինի: Նաեւ որակյալ կաթի դեֆիցիտ ունեն, իսկ ոչխարի միսն արաբական աշխարհում եւ Իրանում լրջագույն պահանջարկ ունի: Մնում է, որ ոլորտին ֆինանսական աջակցություն ցուցաբերենք, հողերի հարցը լուծենք, որովհետեւ ոչխար պահելու համար մի քիչ էլ արոտ պետք է լինի: Սուբսիդավորելու ենք խոշոր եղջերավոր անասունների ձեռքբերման արժեքը»,- ասաց նա:
Նա խոսեց նաև կառավարության կառուցվածաքային փոփոխություններից՝ նշելով, որ Գյուղատնտեսության նախարարությունը չի միացվում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, նրանք միաձուլվում են:
Նա չհամաձայնեց կարծիքին, թե նախարարությունների միաձուլումը կարող է վատթարացնել այս կամ այն ոլորտը.
«Մասնագետների մի խումբ էլ ասում է, որ դա ճիշտ է, որովհետեւ եթե այդպես չլիներ, կառավարությունը նման նախագիծ չէր ներկայացնի: Թե ինչ կլինի ապագայում, ես չեմ կարող գուշակություններ անել: Ես ավելի պրակտիկ քայլերի կողմնակից եմ, եւ արդյունքները ըստ փաստերի պետք է գնահատվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը