Հունիսի 25-ից Հայաստանի բենզալցակայաններում բենզինը թանկացել է ևս 20 դրամով և արդեն կազմում է ռեգուլյար տեսակի բենզինի լիտրը 420 դրամ, պրեմիում տեսակինը՝ 450 դրամ։ Նշենք, որ բենզինը թանկանում է շատ արագ՝ 10-20 դրամով։
Yerevan.Today-ը հիշեցնում է, որ պետբյուջեի կատարողականի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ, մայիսի 30-ի նիստում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, թե Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչու է բենզինը թանկացել, Գեղամ Գևորգյանը պատասխանեց․ «Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց մենք այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ ՀՀ–ում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն»։
Ասաց, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է շուկայի հիմնական 4 տնտեսվարող ընկերությունների ներմուծման ու վաճառքի գները։ Ասաց, որ այդ գինը տնտեսապես կասկածներ է հարուցում՝ ցածր լինելու առումով։ «Մենք հիմա շատ ուշադիր հետևելու ենք։ Պարզաբանվելու է մեզ համար, թե ինչպես է ՀՀ–ում բենզինի 1 լիտրը վաճառվել 350 դրամով»,- նշեց Գեղամ Գևորգյանը։
Եթե մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը զարմանում էր բենզինի 350 դրամ գնից, ապա այժմ հասել է 470 դրամի։ Ի՞նչ կապ ունի բենզինի կտրուկ թանկացումը Գեղամ Գևորգյանի հայտարարության հետ, հույս ունենք հանձնաժողովը կպարզաբանի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը