04 02 2019

Զարգացման հիմնադրամի աշխատանքն անարդյունավետ է գնահատվել

Զարգացման հիմնադրամի աշխատանքն անարդյունավետ է գնահատվել

ՀՀ հաշվեքննիչ պալատն անցած տարի նոյեմբեր-դեկտեմբերին ուսումնասիրել է Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության դրամաշնորհային ծրագրի կատարողականը:

Պալատը հրապարակել է ուսումնասիրության եզրակացությունը, ըստ որի՝  հաշվեքննությունն ընդգրկել է 2017 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը: Ծրագրի իրականացման համար 2017թ. Հայաստանի զարգացման հիմնադրամին պետք է հատկացվեր 475 մլն դրամ: Պարզվել է, որ առաջին կիսամյակի համար ֆինանսավորման հայտը կազմել է 166 մլն 250 հազար դրամ, աշխատանքները կատարվել են 119 մլն 596.2 հազար դրամի չափով, իսկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը փաստացի վճարել է 171 մլն 83 հազար դրամ, երրորդ եռամսյակի դիմաց վճարում չի կատարվել:

Չորրորդ եռամսյակի հայտը՝ մինչև 218 մլն 917 հազար դրամ, հիմնադրամը ներկայացրել է հոկտեմբերի 1-ին, ընդ որում՝ նույն օրվա դրությամբ  հիմնադրամը կատարել էր 195 մլն 611.2 հազար դրամի ախատանքներ կամ պայմանագրի գումարի` 410 մլն դրամի 47.7%-ը, այսինքն՝ չորրորդ եռամսյակի ընթացքում պետք է կատարվեին պայմանագրով նախատեսված աշխատանքների մնացած կեսը:

Հանձնաժողովի նիստի արձանագրությունում որևէ պարզաբանում չկա՝ արդյոք հիմնադրամը կկարողանա՞ պայմանագրով նախատեսված աշխատանքների մնացած կեսն իրականացնել ընդամենը 3 ամսում:

Չի կատարվել «Օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում» միջոցառումը: Պետական բյուջեից հիմնադրամին ավել է վճարվել 87 մլն 848.4 հազար դրամ, որը հանձնաժողովն ընդունել է որպես դեբիտորական պարտք, ինչը Հաշվեքննիչ պալատը անհասկանալի է համարել, քանի որ աշխատանքների ծավալը կատարված էր:

Ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման համար ծախսվել է 4 մլն դրամ այն դեպքում, երբ այդ գումարը պետք է կազմեր 5 մլն դրամ:

«Գործարար համաժողովների, ինչպես նաև այլ համանման միջոցառումների մասնակցություն և/կամ կազմակերպում» միջոցառման շրջանակներում ակնկալվում էր մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերել օտարերկրյա պետություններում մասնակցության համար և մինչև 50% պետք է ծախսերի փոխհատուցում կատարվեր:

Այս աշխատանքների համար պայմանագրով նախատեսվել էր 50 մլն դրամ: Սակայն, պարզվել է, որ հիմնադրամը կատարել է ընդամենը 25.9 մլն դրամի ծախս, այն էլ ոչ թե տնտեսվարողներին փոխհատուցելու համար, այլ՝ հիմնականում հիմնադրամի աշխատակիցների գործուղումների վրա:

Պարզվել է նաև, որ ընդհանուր մոտ 7 մլն դրամ արժեքով 5 միջոցառումների ընդհանրապես արդյունաբերողներ չեն մասնակցել, այլ մասնակցել են առևտրային բանկեր, տարբեր հիմնադրամներ, համալսարան, միություններ, տուրիստական կազմակերպություններ և այլն:

Հաշվի առնելով, որ ծրագիրն իրականացվում է դեռևս 2013թ-ից և յուրաքանչյուր տարվա համար աշխատանքները պլանավորելիս հաշվի են առնվում նաև նախորդ տարիների փաստացի ցուցանիշները, հետևաբար՝ արդյունավետ չեն պլանավորվում համապատասխան ծավալով աշխատանքների համար ֆինանսական միջոցները: Արդյունքում՝ հիմնադրամում հենց ծրագրի առաջին տարիներից և շարունակելով մինչև հիմա, յուրաքանչյուր տարվա ավարտին մնում են չծախսված գումարներ, որոնց հետագա ծախսման ուղղությունները չեն սահմանվում որևէ իրավական ակտով  կամ պայմանագրով:

Ընդ որում՝ նույն փաստը նախորդ տարիներին ևս արձանագրվել էր: Հիմնադրամն այդ ազատ դրամական միջոցները ավանդադրում էր բանկերում: Նախարարությանն առաջարկվել էր միջոցներ ձեռնարկել՝ ազատ դրամական միջոցների առաջացումը բացառելու ուղղությամբ, սակայն նույն ձևով ավել գումարներ առաջացել են նաև հաջորդ տարիների ընթացքում:

Հայկական արտադրանքի գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման աշխատանքների շրջանակներում, ըստ հիմնադրամի հաշվետվության, իրականացվել են բուկլետների և կատալոգների հարատարակում, էլեկտրոնային ռեսուրսների պատվիրում, տեղեկատվական նյութերի ձեռք բերում և այլն, սակայն այս ծրագրի գումարներից նման ծախսեր չեն կատարվել: Չի հիմնավորվում այս ծրագրի շրջանակներում 22.5 մլն դրամ գումար նախատեսելն այդպիսի ծախսերի համար, եթե դրանց ծախսելու անհրաժեշտությունը չկար:

Ինչպես նախկինում նշվել էր նաև Վերահսկիչ պալատի նախորդ հաշվետվությամբ, այս անգամ էլ՝ ծրագրով չեն սահմանվում արդյունքների գնահատման ցուցանիշներ, որոնցով հնարավոր կլիներ այս տարիների ընթացքում գնահատել ՀՀ պետբյուջեից տրամադրված ավելի քան 2մլրդ դրամ գումարի դիմաց արտահանման ռազմավարության իրականացման գործընթացը և հասած արդյունքները:

ՀՊ-ն արձանագրում է, որ արդյունքում՝ չի ապահովվել ծրագրի նպատակային և ծախսային արդյունավետության սկզբունքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ