Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը հայտարարություն է տարածել՝ դժգոհելով Հարկային օրենսգրքի փոփոխություններից:
«Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում են մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ: Մեր հետ աշխատող մոտ 500 ռեստորանները մեր հետ գործունեության արդյունքում լրացուցիչ 1000 աշխատատեղ են ստեղծել: Մենք վճարում ենք մոտ 15մլն հարկ ամսական, իսկ մեր հետ աշխատող առաքիչները՝ ևս 5մլն: Մենք ունենք մոտ 200 հզ ակտիվ հաճախորդ Հայաստանում: Այսօր Կառավարությունն իր 23-րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային Օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի Լրացուցիչ 16,67%-ով հարկվի:
Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր: Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեր հետ. հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին «դիմանալ, քանի որ օրենքը փոխվում էր դեպի լավը»:
Որպեսզի շատ հստակ լինի, որևէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել և չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին և մեր պայքարը առաքվող և տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերվել:
Ես չեմ փորձում շանտաժի ենթարկել Կառավարությանը, բայց այս պահին մենք որևէ այլ ելք չենք տեսնում, քան պատրաստվել «կատաղի» դիմադրության՝ հանրային սննդի առաքման շուկան մահացու հարկային բեռից ազատելու համար: Մեր իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները և եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր:
Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում: Հ.Գ. Մենք շուտով մամլո ասուլիս ենք հրավիրելու այս առթիվ, որպեսզի ավելի մանրամասն բացատրենք մեր տեսակետը և դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությանը նախորդող հակաժողովրդական կառավարության կողմից մտածված թունավոր օրենքների իրական իմաստը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը