25 01 2023

ԵԱՏՄ-ի` 1000 եվրո անմաքս առևտրի շեմի փոխարեն ընդամենը 200 հազար դրամ. ներկրման իրավունք միայն օլիգարխների՞ն. Դանիելյան

ԵԱՏՄ-ի` 1000 եվրո անմաքս առևտրի շեմի փոխարեն ընդամենը 200 հազար դրամ. ներկրման իրավունք միայն օլիգարխների՞ն. Դանիելյան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

ԵԱՏՄ-ի` 1000 եվրո անմաքս առևտրի շեմի փոխարեն ընդամենը 200 հազար դրամ

Պետական եկամուտների կոմիտեն 2022 թ․ մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Որոշմամբ սահմանվել էր, որ այն կգործի մինչև 2022 թ. հոկտեմբերի 1-ը։

Ավելի ուշ՝ 2022 թ. սեպտեմբերի 26-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրեց, որ նշված շեմը կգործի մինչև 2023 թ. ապրիլի 1-ը՝ 2022 թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն:

Միաժամանակ՝ ԵՏՀ խորհրդի 2017 թ. դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։

Փաստենք, որ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200.000 ՀՀ դրամ և (կամ) 31 կգ, և, ըստ ՊԵԿ-ի սեպտեմբերի 26-ի հաղորդագրության, շարունակելու է գործել սահմանված 200.000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։

Ստացվում է՝ ՀՀ իշխանությունները պարզապես չեն ցանկանում օգտագործել առիթը, այն է՝ օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած արտոնություններից և օգտակար լինել սեփական քաղաքացիներին:

ՀՀ իշխանությունները պետք է ընդամենը փոխեին իրենց ներքին (ազգային) օրենսդրությամբ սահմանված նորմը և 200.000 դրամի արտոնության շեմը դարձնեին 1.000 եվրո:

Դա կարող էին անել մի քանի ժամում, և ՀՀ քաղաքացին ևս կարող էր այս փուլում ինչպես հայտնի («Ամազոն», «Ալիէքսպրեսս», «Ալիբաբա» և այլն), այնպես էլ հարյուրավոր այլ տարբեր կայքերի միջոցով ապրանք գնել թե՛ ամերիկյան և եվրոպական, թե՛ արևելյան երկրներից:

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ