22 11 2021

Վարդենիսի քաղաքապետը՝ նոր փրկիչ․ չկայացած ինքնասպանը նրա հարևան գյուղից է․«Հրապարակ»

Վարդենիսի քաղաքապետը՝ նոր փրկիչ․ չկայացած ինքնասպանը նրա հարևան գյուղից է․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ինքնասպանության իմիտացիան հայկական «փիար» արսենալում իր ուրույն տեղն ունի։ Սխեման պարզ է, աղմուկը երաշխավորված, փրկչի իմիջը՝ նույնպես։ Իսկ ո՞ւմ փրկիչ պետք չի, հատկապես երբ ընտրությունների համար լավագույնս աշխատող իմիջը փրկիչն է։ Մարդը հասնում է որևէ կամրջի, որպես կանոն՝ սոցիալական վատ վիճակից, հուսահատված։ Այդ նույն պահին նույն կամրջիվրա տվյալ պաշտոնյան է հայտնվում, ում փիառի համար բեմադրվել է ներկայացումը։ Պաշտոնյան փրկում է ինքնասպանին, նրան օգնելու խոստումներ է տալիս, ու բոլորը գոհ ու երջանիկ գնում են տուն։


Երեկ առավոտյան կամրջի վրայով անցնող պաշտոնյան Վարդենիսի քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանն էր։  
Առավոտյան ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ 38-ամյա տղամարդը, Արտակ Ս-ն, «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել։ Ոստիկանները, ԱԻՆ աշխատողները վազեցին եկան, նույնիսկ հոգեբան։ Բայց ոչ ոք չկարողացավ նրան համոզել, որ կյանքին վերջ չտա, ու միայն Արամ Մելքոնյանը, որը պատահաբար անցավ կողքով, համոզեց նրան փոխել որոշումը։

Մենք փորձեցինք պարզել, թե ո՞վ է Արտակ Ս-ն, ինչո՞ւ է որոշել վերջ տալ կյանքին և ինչո՞ւ է հենց այդ պահին կամրջով անցել ՔՊ ցուցակի առաջին համարը ու պարզեցինք։ Ուրեմն, «քցվողը»՝ Արտակ Ս-ն, Վարդենիսի Փամբակ գյուղից է։ Փամբակը քաղաքապետ Արամ Մելքոնյանի հարազատ Արեգունի գյուղի հարևան համայնքն է։ Մեր ծանոթը Վարդենիսից վստահեցնում է, որ Արտակ Ս-ին ինքնասպանության վայր է բերել հենց քաղաքապետը իր մեքենայով։ «Ես առավոտյան լսեցի դեպքի մասին, իմացա, որ առավոտ  ժամը յոթին քաղաքապետը գնացել է Փամբակ, Արտակին վերցրել է Փամբակից ու իրար հետ եկել են Երևան։ Չալարեցի, ավտոն նստեցի, քշեցի Երևան, տենամ՝ Սանոսյան Գնելը մոստի վրա կանգնած», - պատմում է Վարդենիսի բնակիչ Է․ Մ-ն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը շոուի մյուս պերսոնաժն է, հավանաբար, եւ որը նախկինում Գեղարքունիքի մարզպետ էր աշխատում, Արամ Մելքոնյանի «կնքահայրն» է պաշտոնյաների ՔՊ Օլիմպոսում։ Հենց նա է ժամանակին «դուրս գրել» Մելքոնյան Արամին Ռուսաստանից, որտեղ վերջինս բիզնեսմեն էր, հարյուրավոր արտագաղթած ու ՌԴ-ում գործ անող գեղարքունիքցիների նման։
Կապվեցինք Վարդենիսի քաղաքապետի հետ, նրան մեր կասկածները հայտնեցինք։ «Ինքը Փամբակ գյուղի բնակիչ էր, Աբովյանից է, բայց ապրել է Փամբակում։ Հինգ երեխա ուներ, կինը չէր թողնում երեխաներին տեսնել», - ներկայացրեց իր «զեմլյակին» և նրա չստացված ինքնասպանությունը ՔՊ առաջին համարը։  

-Պատմում են, որ դուք Արտակի հետ միասին եք եկել առավոտյան Երևան։

- Ես նրան այսօր առավոտյան առաջին անգամ եմ տեսել կամրջի վրա, մեկ էլ երեկ չէ առաջին օրը, Փամբակում քարոզարշավին եմ տեսել, հեռվում կանգնած էր, բայց դեմքը մի կերպ հիշեցի։

- Ակտիվ ընտրող է, փաստորեն։

- Չգիտեմ ինչ է, հեռվում կանգնած էր, ինձ թվաց, մեզ հետևող ա, որովհետև Փամբակ գյուղում տենց ակնոցներով մարդ չի լինում։ Ես միամիտ, պռոբկա էր, գնացել էի թաղում, իմ ու ընկերոջս, Սանոսյանի հայրիկն էր մահացել։

- Բայց հիմա ոչ ոք չի հավատա, որ սա փիար քայլ չէր…

- Ես բոլորին խնդրում եմ իրենց էջերից հանեն էս դեպքը։ Ըտեղ ինչ կա փիարի։ Ես երեկ պետք է գայի պանիխիդայի, բայց Հայկ Սարգսյանը եկել էր, ամբողջ օրը բարձրացել ենք դիրքեր։ Թողեցի, առավոտ եկա։ Պրոբկի մեջ տեսա, ասի՝ էս մարդու դեմքը ծանոթ ա, ոստիկանին ասի՝ կարա՞մ ֆռամ կայնեմ։ Ֆռացի, կանգնա, իջա, ասի՝ կարող ա, ինձ ճանաչում ես, Արտակ ջան։

Արամ Մելքոնյանն ասաց, որ Սանոսյանը խոստացել է, որ կխոսի ինքնասպանի կնոջ հետ, իսկ ինքը՝ Արամը, համարը տվել է, ասել է՝ որ պահին նեղվես, զանգի։

Որքան էլ ուզում ենք հավատալ քաղաքապետ Մելքոնյանին, կասկածի որդը ներսից տանջում է մեզ։ Որդը հիշեցնում է, որ 2015-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կանգնեցրեց ինքնասպանի, որը պատրաստվում էր ցած նետվել Բոսֆորի նեղուցի կամրջից։ Հայաստանում սխեման առաջինը կիրառել են ԱԻ նախկին նախարար, լուսահոգի Արմեն Երիցյանի «փիարշիկները», նույն 2015 թվին։ Նախարարը Դավթաշենի կամրջի վրա տեսախցիկների առաջ մի երիտասարդի «հանեց» կամրջից։

Բոլորովին վերջերս էլ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էր ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել ու վրաերթի ենթարկված հետիոտնին առաջին օգնություն ցույց տվել՝ մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները։ Ճիշտ տեղում ու ճիշտ ժամի հայտնվել էր նաև Շամշյանը։ Այս զարմանալի միջադեպից հետո սոցիալական ցանցերում Թորոսյանին անվանում էին «սուպերմեն»։ Այդպես է։ Հայաստանում այլեւս փրկիչներին չեն հավատում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ