Երևան քաղաքի տարբեր հատվածներում՝ Կոմիտաս, Բաղրամյան, Իսակով փողոցներում, Արշակունյաց-Քրիստոփոր, Արմենակյան-Հերացի, Գայի-Հովհաննիսյան խաչմերուկներում, կարելի է տեսնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի գովազդային վահանակները։ Նկատենք, որ գրքի գովազդի թույլտվության հետ կապված շուրջ երկու տարի է դատական գործընթաց է ընթանում, սակայն մեզ հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ այս հասցեներում գովազդի թույլտվությունը որևէ կապ չունի ընթացող դատական գործընթացների հետ։
«Գրքի իրավատեր Սփեյս մենջմենթ ՍՊԸ-ն նոր դիմում է մուտքագրել քաղաքապետարան՝ գովազդի թույլտվություն ստանալու նպատակով, որը բավարարվել է»։
Հարցին՝ ինչո՞ւ նախկինում չէին թույլատրում գրքի գովազդումը, Կոչուբաևը նշեց․
«Այդ հարցի պատասխանը ես ինքս սպառիչ չեմ ստացել։ Նախորդ դեպքում ակնհայտ էր, որ պետպատվեր էր իջել մերժման, և վստահաբար կարող ենք ասել այս անգամ էլ գուցե այդ պատվերը իջած լինի։ Ըստ էության կամ այդ պետպատվերը չի կատարվել կամ մոտեցումներն են փոխվել վարչական մարմնում, քանի որ առանց խոչընդոտի դիմումը բավարարվել է»։
Նկատենք, որ գրքի գովազդի թույլտվությունը բավականին երկար ճանապարհ է անցել։ Լինելով գրախանութներում ամենապահանջված գրքերի տասնյակում, շուրջ երկու տարի քաղաքապետարանը գովազդի թույլտվություն չէր տրամադրում։
Ամեն ինչ սկսվեց դեռևս 2019 թվականին, երբ քաղաքապետարանը հրաժարվեց գովազդի թույլտվություն տրամադրել հղում կատարելով նորմատիվ իրավական ակտերին, նշելով որ դիմումը չի համապատասխանում նշված պահանջներին, սակայն քաղաքապետարանը չէր մատնանշել, թե կոնկրետ ինչպիսի թերությունների, սխալների մասին է խոսքը։
Սրան հաջորդել է փաստաբանի կողմից վարչական դատարան դիմելը։
Արդեն 2020 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Ա.Ծատուրյանի) անվավեր է ճանաչել Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների վարչական ակտերը, որոնցով, ըստ էության, մերժվել էին գրքի գովազդումը: Դատարանը պարտավորեցրել է վարչական շրջաններին տրամադրել գովազդի թույլտվություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը