03 11 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 38-րդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 38-րդ օրը․ Թարմացվում է

23։14

Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈւ-երը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին ասուլիսին նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Եվ ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թնամուշ ուժերի ոչնչացումը։

Կեսօրին մոտ Ադրբեջանի Զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով  դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։  

Նա տեղեկացրեց՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի։ Այս պահին այնտեղ համեմատաբար հանգիստ է 

Մարտերը շարունակվում են, շատ սաստիկ ու ծանր չեն։ Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը։ Շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում են և բնագծերի փոփոխություն կատարում։ 

 

22:30

Հրթիռակոծության ժամանակ Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել

22:00

Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։

«Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։

Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Թշնամին կրակ է բացել նաեւ բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաեւ հարեւանությամբ գտնվող բնակելի տներին։

«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

Տուժածների մասին տվյալները ճշտվում են»,- հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

21:50

Մեզ հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների կեսից ավելին. Արցախի նախագահը՝ Սերգեյ Լավրովին

21:15

Յուրաքանչյուր կտրված հայի գլխի համար խոստացել են վճարել 100 դոլար․ դրվագներ՝ վարձկանի ցուցմունքից

19:50

ՌԴ-ի կողմից թելադրանքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում տեղին չէ. Լավրովի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հարցով հիմնական հայտարարությունները Коммерсантъ-ին տված հարցազրույցում՝

  • ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի թելադրանքն տեղին չէ:
  •  ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարևանների՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ձգտումները:
  •  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր միջնորդական ջանքեր է գործադրում Ղարաբաղի խնդրի լուծման համար: Զուգահեռ առաջարկում ենք քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ:
  •  Ռուսական իշխանությունները կանխարգելիչ միջոցներ են ձեռրնարկել ՌԴ-ի տարածքում հայերի և ադրբեջանցիների բախումների կանխման համար: 
  • Մեզ, իհարկե, հուզում է Ղարաբաղում պատերազմին Մերձավոր Արևելքից գրոհայնների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին՝ կանխել դա: Այդ թեման քննարկվել է նախագահ Պուտնինի՝ Թուրքիայի ղեկավարի հետ հեռախոսազրույցներում:
  •  Համոզված ենք, որ կայուն հրադադարի առանց վերահսկման մեխանիզմների դժվար է հասնել:
  •  (բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավման հնարավորության մասին ) Կան շատ առաջարկներ՝ կապված բանակացային ձևաչափի հետ այդ թվում՝ ընդլայնում, փոփոխում և այլն: Այդ թեման քննարկվել է վերջերս Մոսվկայում կայացած՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ: 
  • Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որոնք ունակ են ճկուն, պրագմատիկ մոտեցում ցուցաբերել միամյաց հետ փոխգործակցության ժամանակ առաջնորդվել ռազմավարական տեսլականով: Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է: Կրկնեմ՝ մենք երբեք չենք թաքցրել, որ չենք աջակցում խնդրի ուժային լուծմանը: 

17։10

685 զրահատեխնիկա, 7095 զոհ․ թշնամու կորուստները

16։59

Խորհրդակցությունները ՀՀ-ի և ՌԴ-ի միջև սկսված են. Ռուբեն Ռուբինյան

16։37

Հակառակորդը Քարվաճառի ուղղությամբ փորձել է ձեռնարկել ներթափանցման փորձ. ՊԲ

16։33

Ադրբեջանական արկերից մի քանիսը ընկել է Իրանի տարածք

16։03

Արցախը լքած պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոց կկիրառվի. Արայիկ Հարությունյան

14։37

Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները. Շուշան Ստեփանյան

14։32

Արցախի համար նախատեսված մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը Մոսկվայից ուղարկվել է Երևան

13։51

Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։

Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

13։28

Տպավորություն է, որ այս կառույցը վաղուց է մահացած․ Ծաղկեպսակ ու դագաղով ակցիա՝ ՄԱԿ-ի դիմաց

13։05

Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ. Փաշինյան

11։56

Ադրբեջանի միապետը հայտնվում է անելանելի դրության մեջ` շնորհիվ «մեծ եղբոր» անհեռատես գործողությունների. Սենոր Հասրաթյան

10։59

Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր

10։23

Ադրբեջանի կողմից պատերազմի գաղափարական նախապատրաստությունը հասել էր ավարտին դեռ օգոստոսից․ Ոսկանյան

10:01

Ոչնչացվել է թշնամու ականանետային դասակը. ՊԲ

Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:

Վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել: Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։

09:30

ՊԲ-ն հարավում հակառակորդին պատճառել է կորուստներ և հետ շպրտել ելման դիրքեր

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակը։ 

Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր:

Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարակն իրադրությունը:

 

09:11

Ադրբեջանի զինուժը «Սմերչ»-ից կրակ է բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ․ ԱԻՊԾ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Նախորդ օրվա թարմացումը՝ այստեղ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ