23:00
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Որոշմանս համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին (լուսանկարում ինձնից աջ) կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, իսկ նրա տեղակալներ Արայիկ Գալստյանին (լուսանկարում ինձնից ձախ) և Անդրանիկ Մկրտչյանին` «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ: Սուրեն Բարսեղյանն աշխարհազորային կամավորական ջոկատով սեպտեմբերի 29-ից մարտական դիրքերում է: Երևանում կազմավորված ջոկատը՝ հրամանատարի գլխավորությամբ հերոսական բազմաթիվ ռազմագործողությունների հեղինակ է դարձել` հետ մղելով թշնամուն և պատճառելով նրան մեծաքանակ կորուստներ: Տղաներից շատերը ևս ներկայացված են պարգևատրման: Հպարտ եմ ձեզանով: Փա՛ռք ու պատիվ մեր Հարենիքի բոլոր պաշտպաններին»։
22:30
Այսօր ողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ:
Հարավային հատվածում` Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի բարելավել դիրքերը:
Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։ Այսօր դրանք իրականացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղերի տարածքում, և հարակից բլուրների և անտառային տարածքներում:
Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները, կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ:
«Ճիշտ է, մարտական գործողություններ ինտենսիվությունը մի փոքր նվազել է, բայց խնդիրը չի փոխվել: Թշնամին, հրոսակախմբերի հետ, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, շարունակում է պատերազմը՝ մի փոքր դանդաղ, այլ մարտավարությամբ: Բայց մեր խնդիրը նույնն է. պետք է պաշտպանենք մեր հայրենիքը։
Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, բանախոսի տեղեկացմամբ, հակառակորդի շարժեր և կուտակումներ սահմանի ամբողջ երկայնքով էլ կան, սակայն իրավիճակը հանգիստ է:
21:30
Ջախջախել են թշնամուն, ոչնչացրել «Կամազ»-ները. նորօրյա հերոսները
21:15
Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է. ՀՀ ԱԱԾ
20:00
Թշնամին Շուշիից գտնվում է 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել և պատժել․ ԱՀ նախագահ
13:16
Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:
«Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտակա գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում: Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
13:04
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ:
Իսկ պատերազմի սկզբից մինչև հոկտեմբերի 28-ի ժամը 21:00-ի դրությամբ հակառակորդի ընդհանուր կորուստները հետևյալն են՝
226 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 632 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ, կա 6854 զոհ։
13:00
Արցախի նախագահ նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՊԲ ՀՕՊ ուժերը հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն են խոցել։
Վերջին շրջանում այս տիպի ԱԹՍ-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում։
ԱԹՍ-ների դերն այս պատերազմում բավականին մեծ է և ըստ այդմ՝ դրանց դեմ էֆեկտիվ պայքարը բավականին մեծ ազդեցություն ունի պատերազմական գործողությունների և դրա հետագա ընթացքի վրա»:
12:54
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է այսօր Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի արդյունքում կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։ Այս մասին դեսպանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։
Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»,- նշվում է հայտարարությունում։
12:48
Սերգեյ Սմբատյանը ոչնչացրել է 6 ԱԹՍ, Սամվել Սարգսյանը վիրավոր զինվորներին է տարհանել. նորօրյա հերոսներ
12:42
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանը ժամեր շարունակ ուժգին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին և որ արդեն արձակվել են տասնյակ հրթիռներ:
«Հավանաբար, սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է»,-գրել է ՄԻՊ-ը:
Նշենք, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։
«Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»,- ասված է ՊԲ տարածած հայտարարության մեջ։
12:38
Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը
Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը:
12:25
Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Ուր եք, հայեր» բղավոցներով և ատելության խոսքով նրանք փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները: Մեր հայրենակիցներին կրկին կոչ ենք անում զգոն լինել, չտրվել սադրանքների և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ:
12:13
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։
Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
12:05
Մեկ ժամից ավել տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը Սմերչի հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։
Մայրաքաղաքում այս պահին ևս միացավ տագնապի ազդանշանը։
Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում։
12:03
Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Խցանման մեջ հայտնված մի ավտովարորդ դուրս է եկել մեքենայից և հարձակվել ցուցարարների վրա: Նա կալանավորվել է:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սկսում սադրիչ գործողությունների արշավ:
11:55
Banak.info-ն կադրեր է հրապարակել, թե ինչպես են ՊԲ հրետանավորները խոցում ադրբեջանական կողմի «Սմերչը»։
11:04
Ֆրանսիայում և Ավստրիայում հարյուրավոր թուրք և ադրբեջանցի ազգայնականներ փողոցներում հայերի են փնտրել։ Nouvelles d'Arménie–ի հրապարակած տեղեկությունը հաստատում են բազմաթիվ օգտատերեր, որոնք տեսանյութեր են տարածում համացանցում։
Ֆրանսիայի բնակիչներից մեկն է, որ երեկ երեկոյան փողոցներում հայտնվել են թուրքական դրոշներով երիտասարդներ, որոնք շրջել են քաղաքի կենտրոնում՝ ցուցադրելով «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը և գոռացել. «Մահ հայերին»: Տղամարդիկ սպառնացել են բոլոր նրանց, ովքեր համարձակվել են նայել նրանց դեմքին:
«Զարթոնքն» իր հերթին տեղեկացնում է, որ նմանատիպ իրավիճակ է նաև Լիոնում, որտեղ շատ հայեր են ապրում
10:33
Նորօրյա հերոսներ. մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն
10:23
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 51 զինծառայող։ Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1119 է։
09:42
ԵՄ-ն հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել բանակցությունները
ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցությունները: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Եվրամիությունն անընդունելի է համարում այն փաստը, որ հրադադարի ռեժիմի երեք համաձայնագրերից հետո, որոնք կնքվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, եւ ավելի ու ավելի շատ տեղեկություններ են գրանցվում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին:
Եվրամիությունը հակամարտող կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան` քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու իրենց պարտավորությունները: Եվրամիությունը կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, ինչպես վերջին անգամ համաձայնեցվել էր Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ:
09:34
Առավոտյան թշնամին «Սմերչ»-ից հարվածել է Ստեփանակերտին. ավերվել է տուն
Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը, որը նաեւ լուսանկարներ է հրապարակել:
«Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
09:29
ԼՂ հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է․ ԿԽՄԿ
Վերջին իրադարձությունները ազդարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Հետեւանքներից տուժում են ողջ տարածաշրջանի քաղաքացիական անձինք: Խաղաղ բնակիչները սպառնալից տեմպերով են մահանում: Այս մասին ասված է Twitter-ում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Մարդիկ վնասվածքներ են ստանում, որոնք փոխում են կյանքը: Մենք կողմերի հետ կապի մեջ ենք՝ երկկողմ գաղտնի երկխոսության շրջանակներում` նրանց հիշեցնելու միջազգային մարդասիրական իրավունքի իրենց պարտավորությունները: Սարսափազդու տեսարանները, որոնց ականատես ենք լինում, չեն կարող շարունակվել: Մենք վճռականորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ բռնությունների վերջին ալիքը: Քաղաքային բնակավայրերի ինտենսիվ գնդակոծության պատճառով քաղաքացիական զոհերն աճում են: Այսօր մահացել է Ադրբեջանի ԿԽՄԿ գրասենյակի կամավորը: Նա երկու երեխաների հայր էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Սեպտեմբերի վերջին սրման սկզբից մենք կողմերին վճռականորեն կոչ ենք արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, շուկաները եւ մշակութային արժեքները: Դրանք միջազգային մարդասիրական իրավունքով պարտավորություններ են:
Մահ։ Ավերածություն։ Ամայացում: Ինտենսիվ հրետակոծություններ, որոնց ականատեսը եղանք այսօր, անընդունելի են»:
09:24
Գիշերն Ադրբեջանը Ստեփանակերտի վրա ևս 5 հրթիռ է արձակել
Ստեփանակերտում գիշերը միացել էր տագնապի ազդանշանը։
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա ևս 5 հրթիռ է արձակել։
Նախնական տվյալներով, տուժածներ ու ավերածություններ չկան։
09:13
Ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» հարվածային անօդաչուն․ ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:
Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:
09:09
Թեժ մարտեր են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում
Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է Facebook-ի իր էջում, որ Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։
Նախորդ օրվա թարմացումը՝ այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը