ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցությունները: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Եվրամիությունն անընդունելի է համարում այն փաստը, որ հրադադարի ռեժիմի երեք համաձայնագրերից հետո, որոնք կնքվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, եւ ավելի ու ավելի շատ տեղեկություններ են գրանցվում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին:
Եվրամիությունը հակամարտող կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան` քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու իրենց պարտավորությունները: Եվրամիությունը կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, ինչպես վերջին անգամ համաձայնեցվել էր Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը