Վերջին իրադարձությունները ազդարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Հետեւանքներից տուժում են ողջ տարածաշրջանի քաղաքացիական անձինք: Խաղաղ բնակիչները սպառնալից տեմպերով են մահանում: Այս մասին ասված է Twitter-ում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Մարդիկ վնասվածքներ են ստանում, որոնք փոխում են կյանքը: Մենք կողմերի հետ կապի մեջ ենք՝ երկկողմ գաղտնի երկխոսության շրջանակներում` նրանց հիշեցնելու միջազգային մարդասիրական իրավունքի իրենց պարտավորությունները: Սարսափազդու տեսարանները, որոնց ականատես ենք լինում, չեն կարող շարունակվել: Մենք վճռականորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ բռնությունների վերջին ալիքը: Քաղաքային բնակավայրերի ինտենսիվ գնդակոծության պատճառով քաղաքացիական զոհերն աճում են: Այսօր մահացել է Ադրբեջանի ԿԽՄԿ գրասենյակի կամավորը: Նա երկու երեխաների հայր էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Սեպտեմբերի վերջին սրման սկզբից մենք կողմերին վճռականորեն կոչ ենք արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, շուկաները եւ մշակութային արժեքները: Դրանք միջազգային մարդասիրական իրավունքով պարտավորություններ են:
Մահ։ Ավերածություն։ Ամայացում: Ինտենսիվ հրետակոծություններ, որոնց ականատեսը եղանք այսօր, անընդունելի են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը