28 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի երեսուներկուերորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի երեսուներկուերորդ օրը․ Թարմացվում է

22:30

Այսօր՝ ողջ օրը, Ադրբեջանի ԶՈւ-ն, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր  ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի սահմանի երկայնքով՝ հյուսիսից մինչև հարավային ուղղությունը։ 

Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ մեր ԶՈւ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։ 

Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն․ մասնավորապես՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։ 

Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ, նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի աշխատանքները շարունակվում են։ Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն․ համառ բնույթ։ Այս ուղղությամբ որևէ առանձին, առարկայական զարգացում այս պահին նշել չեմ կարող։

«Ինչպես նշել եմ, մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, նույն ընդգրկվածությունը, նույն թափը, նույն դինամիկան։ Դրանք օջախային, բայց շարունակական են։ Կիրառվում են դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ օդուժ»,- ասուլիսին նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդի հարձակողական, լայնածավալ բռունցքի, թափի կոտրումը իրականացվել է  մեր կողմից, որից հետո շարունակվում են այլ բնույթի գործողություններ, որոնք դանդաղ, օջախային, սողացող բնույթ ունեն, շարունակվում են։ Հեշտ չէ միանգամից չեզոքացնել բարդ լեռնաանտառատեղանքում բավական մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չէ, որ իրենք այստեղ մեծ հաջողություններ ունեն, որովհետև, ինչպես ասում ենք, մենք մեր տունն ենք պաշտպանում, մենք մեր տան տերն ենք և հաղթելու ենք միանաշանակ։

Որոշ ուղղություններով, կարծես թե, Ադրբեջանը լրիվ վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին, և այս կապակցությամբ մենք հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան կորուստներ ու հետևանքներ են լինելու, այլև ողջ տարածաշրջանի պետությունների ուշադրությունն ենք հրավիրում»։

«Հյուսիսային ուղղությամբ դիրքային բարելավման մասին նշեցի, բայց չէի ուզենա, որ դա մեծ էյֆորիայի տեղ տար, որովհետև պատերազմ է, և ընթացքում լինում են և՛ նահանջներ, և՛ առաջխաղացումներ»։

 21:30

ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ

20։45

ՊՆ-ն հերքում է հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

20։20

Ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով եւ հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել եւ ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի սահմաններում, այլ նաեւ լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:

 

19:45

Հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են․ ՊԲ

Հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասվել մայրաքաղաքի ծննդատանը,  երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ:

ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, հակառակ դեպքում՝ համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու:

 

14:41

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են.

Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։
Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։

14:31

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է:

13:19

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 59 զինծառայող։ Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1068 է։

13:07

«Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին, հաղորդում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։

Հաղորդվում է, որ տուժածներ չկան։

Ավելի վաղ հայտնել էին, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր:

12:58

 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշին հրետակոծվում է։

Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

10։51

Հակառակորդի հերթական ԱԹՍ-երի ոչնչացումը

10։47

Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել. Արցախի ԱԻՊԾ

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել, հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։

Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը  նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։

Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

10։38

Ադրբեջանական ևս մեկ ԱԹՍ է խոցվել

Առավոտ բարի լույսով ևս մեկ ԱԹՍ է խոցվել։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ ՊԲ-ն հայտնել էր, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում։

09։40

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում․ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները: 

Նախորդ օրվա ամփոփումը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ