Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը:
Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը՝ թշնամական 2 տանկ խոցելու, սերժանտ Հայկ Արկադիի Ամիրջանյանը, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը, լեյտենանտ Տիգրան Հարությունի Կարապետյանը, սերժանտ Արմեն Յուրիի Ավետիսյանը՝ թշնամական երկուական տանկ խոցելու, և ավագ լեյտենանտ Լևոն Ռոբերտի Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը