27 04 2024

Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից:

Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետևողականություն և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները:

Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսևորել զսպվածություն և չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին և քաղաքական կոչերին:
Ստորև ներկայացնում ենք զինծառայողներ Ա.Չ.-ի և Ֆ.Բ.-ի ուղերձները:
Տեսանյութը կարող եք դիտել՝ այցելելով՝ https://www.youtube.com/watch?v=EekDZnSFxQM»,- հայտնում են ՔԿ-ից։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Հիշեցնենք, որ նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ