07 04 2020

Սիրելի կանայք, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով․ Նախագահ

Սիրելի կանայք, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով․ Նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ.

«Սիրելի կանայք,

Այս տարի հատուկ ջերմությամբ և սիրով եմ շնորհավորում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Առանձնակի շնորհավորանքներս, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքերս բժիշկ և բուժաշխատող կանանց, որոնք միշտ և հատկապես այս դժվարին օրերին զօր ու գիշեր, բժշկական օգնության հետ մեկտեղ հարազատի հոգատարություն ու խնամք են ցուցաբերում բուժհաստատություններում գտնվող հիվանդների հանդեպ։

Երախտագիտությունս նաև բոլոր այն կանանց՝ ոստիկան թե զինվորական, փրկարար թե ծառայող, ովքեր աշխատանքի, մասնագիտության բերումով և հոգու կանչով այս օրերին վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը բոլորիս համար, այն կանանց, ում ամուսիններն այս օրերին հիվանդանոցներից, ծառայությունից ու աշխատավայրից գրեթե տուն չեն գալիս՝ իրենց պարտքը կատարելով:

Կինը և հատկապես հայ կինը մշտապես եղել է ընտանիքի սյունը՝ իր վրա վերցնելով առավելագույն ծանրությունը, հոգսերն ու դժվարությունները։ Հիմա, երբ իրավիճակից ելնելով, շատերը ստիպված են առավելապես տանը մնալ, կնոջ հոգսն ու ծանրաբեռնվածությունն ավելի են մեծացել՝ պայմանավորված նաև առօրյա ընտանեկան կյանքի կազմակերպմամբ, երեխաների և թոռների հեռավար կրթությամբ, տնտեսական խնդիրներով և այլն։ Սակայն հայ կինը երբեք չի ընկճվել ու միշտ կարողացել է ամուր մնալ, հավատալով, որ ցանկացած դժվարություն անցողիկ է։

Սիրելիներս,

Գարունը միշտ սպասումներով ու հույսերով է լի։ Այս տարվա տոնական շնորհավորանքների մեջ միգուցե արտաքին փայլն ու ձևը մի փոքր ավելի զուսպ են։ Սակայն հավատացեք, որ մեր սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ երբեք չեն փոխվում՝ երբ հայրը հուզվում է փոքրիկ դստեր ճռվողյունից, երբ երիտասարդի սիրտը թրթռում է սիրելիի ժպիտից, երբ, անկախ տարիքից, կարոտում ենք մեր մորն ու կնոջը, և մեր թոռան մեջ տեսնում նրանց շարունակությունը:

Որովհետև, սիրելի կանայք, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով:

Պահպանեք ձեզ, եղեք առողջ, եղեք երջանիկ, ապրեցեք երկար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ