Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ոչ մասնագետների համար…
Սեւանի գույնի մասին
Սեւանա լճի տարբեր երանգներով գունավորումների պատճառահետեւանքային կապի մասին ենթադրություններից առաջ նախ մի փոքր անդրադարձ կատարեմ, թե ինչու եւ ինչ պատճառով ենք մենք տեսնում լճի տարբեր «գույները», ու ի վերջո ինչի հետեւանքով են տեղի ունենում գունային փոփոխությունները:
Երբ, ասենք, Սեւանա լիճը դիտարկվում է, օրինակի համար, դրոնի օգնությամբ /շնորհակալություն Arman Suleymanyan/, ամենայն հավանականությամբ գալիս ես այն եզրակացության, որ ջուրը, իրոք, «կապույտ» կամ «փիրուզագույն» է /նկար 1/:
Կապույտ Սեւան
Արեւի ճառագայթների որոշակի երկարության ալիքները կլանվում են, իսկ որոշները անդրադառնում են ջրի մոլեկուլներից: Կլանվում են կանաչ, կարմիր, դեղին եւ մյուս «գույները», իսկ կարճ-ալիքային կապույտ եւ մանուշակագույնն անդրադարձվում են, արդյունքում լիճը տեսնում ենք կապույտ գույնով:
Երբ լիճը կանաչավուն երանգով է, ապա դա խոսում է պլանկտոնների, մասնավորապես /Սեւանի դեպքում/ ցիանոբակտերիանների առկայության մասին: Վերջիններս իրենց քլորոֆիլներով կլանում են արեւի ճառագայթների կարմի եւ կապույտ «գույները», արտացոլելով կանաչ «գույնը»: Ինչպես կարճ տարբերակով ասում են ՆԱՍԱ-ում. որքան շատ պլանկտոն/ջրիմուռ ջրում, այնքան կանաչ, որքան քիչ՝ այնքան կապույտ:
Փիրուզագույն կամ կաթնագույն երանգներով Սեւան
Սեւանա լճի գույնը, որը վերջին օրերին դիտվում է, բազմաթիվ հարցադրումների առարկա է դարձել, թե մասնավորապես ինչով է դա պայմանավորված:
Լճերի նման գունավորման պատճառ կարող են լինել ինչպես բնական (հրաբխային, հիդրոթերմալ, սառցադաշտային եւ այլն), այնպես էլ մարդածին (անթրոպոգեն - հիմնականում ջրիմուռների որոշ տեսակների ծաղկամ արդյունքում, չի բացառվում նաեւ սուլֆադների, քլորիդների ու որոշ այլ միացությունների համապատասխան կոնցետրացիաների դեպքում):
Սեւանա լճի բնապահպանական խնդիրների պատճառով կարելի է պնդել, որ փիրուզագույն կամ կաթնագույն երանգները պայմանավորված են մարդածին գործոնով:
Համաձայն միջազգային մի շարք աղբյուրների ջրիմուռների միատոմ (օրինակի համար նշվում է կոկոլիտոֆոր տեսակը) եւ երկատոմ որոշ տեսակները կան, որոնք ծածկված են լինում կալցիումի կարբոնատի փոքրիկ թիթեղիկներով կամ սիլիցիումի միացություններով: Ջրիմուռների ծաղման արդյունքում այդ թիթեղիկները առանձնանալով որոշակի ժամանակահատվածում ջրում ստեղծում են շերտ, որում լույսի ճառագայթների ցրման արդյունքում տեսնում ենք կաթնագույն կամ փիրուզագույն երանգները /ականջը կանչի/:
Սեւանա լճում ընթացող բացասական գործընթացների մասով.
Սեւանում ջրիմուռային գերառատ ծաղկումից հետո լճի ստորին շերտերում պետք է որ սկսված լինի հիպօքսիայի կամ թթվածնաքաղցի գործընթացը, որի արդյունքում մեծ վնաս է կրելու լճի կենսաբազմազանությունը: Ջրի խոր շերտերում եւ հատակամերձ հատվածում բնակվող օրգանիզմները, որոնք չեն կարողանալու հեռանալ թթվածնով ավելի հարուստ շերտեր, ամենայն հավանականությամբ ոչնչանալու են;
Սխեմատիկ պատկերով ներկայացվել է ջրիմուռներով ծաղկման պատճառահետեւանքային կապը/նկար 2/:
Կարող ենք մոռանալ իրավակիրարկման մասին, Ազգային Ժողովին խնդրում եմ մի քնեք. Սեւանի մասին օրենքի, ԲՀՊՏ-ների եւ մի շարքի իրավական ակտերի գործնեություն դադարեցրեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը