ՀՀ ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների՝ նոյեմբեր-դեկտեմբերին ստացած աստղաբաշխական գումարների մասին մեր հրապարակած տեղեկությունները, ինչպես և սպասվում էր, ստվերեց մյուս գերատեսչությունների պարգևատրումները։
Ի տարբերություն մյուս կառույցների, ՊԵԿ-ը հերքեց տեղեկատվությունը, որը, սակայն, ավելի շատ հաստատման էր նման, քան հերքման։
Դատեք ինքներդ․ Tert.am-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել էր․ «Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»։
ՊԵԿ նախագահի բացատրության համաձայն՝ այդ գումարի չափը գոյացել է երկու ամսվա աշխատավարձի, հավելավճարների և պարգևատրումների միավորմամբ: Ի դեպ, մենք հրապարակման մեջ չենք նշել միայն պարգևատրումները, այլ՝ աշխատավարձային և պարգևատրումային ֆոնդը, որի մեջ մտնում են թե՛ աշխատավարձը, թե՛ պարգևատրումը, թե՛ հավելավճարը։
Հունվարի 24-ին Yerevan.Today-ը գրավոր հարցում է ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ ամիս առ ամիս, կետ առ կետ տեղեկություն ստանալու համար հիշյալ վճարումների վերաբերյալ։ Իսկ մինչ մեր հարցման պատասխանը ստանալը, այս անգամ հրապարակենք, դարձյալ մեզ հասած տեղեկության համաձայն, հոկտեմբեր ամսին ստացած աշխատավարձային միջոցների չափը։ Նշենք, որ ըստ այդ տեղեկության, պաշտոնյաներն այս գումարները ստացել են նոյեմբեր ամսին՝ որպես հոկտեմբեր ամսվա վճար։
Հարկ է նշել, որ պարգևավճարային ֆոնդը գոյանում է հարկային վարչարարության արդյունքում, այսինքն՝ հարկատուներին պատժող ակտերից։
Հ․Գ․ Հաշվի առնելով, տեղեկությունների նկատմամբ մեծ հետաքրքրությունը և տարատեսակ մեկնաբանությունները, նշենք՝ որ մենք նպատակ չունենք վերլուծելու կամ գնահատական տալու այդ «աստղաբաշխական» պարգևատրումներին՝ շա՞տ են, թե՝ քիչ, արժանի՞ մարդիկ են ստացել, թե՝ ոչ։ Մեր նպատակն է տրամադրել տեղեկատվություն, հասարակությանը տեղեկացնել տեղի ունեցողի մասին։ Իսկ վերլուծությունները, որոնք կանենք առաջիկայում, կվերաբերեն բացառապես քաղաքականությանը և ոչ մի դեպքում՝ անձերին և իրենց եկամուտներին։
Կոչ ենք անում ՊԵԿ-ին, ի պատասխան մեր հարցման, հրապարակել ստացած պարգևավճարների և հավելավճարների չափը՝ անուն առ անուն, հատկապես որ, ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի, որը մինչ այդ ղեկավարել է ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության Գործակալությունը, դրանք հրապարակելի են օրենքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը