ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել Yerevan.Today-ի «ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումները» հրապարակման պարզաբանմամբ։
Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․ «Երեկ երեկոյան Yerevan.Today կայքը տեղեկություններ է հրապարակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ: ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են: Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան: Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ ստացված աշխատավարձերի վերաբերյալ մանրամասն թափանցիկ տեղեկատվություն ներկայացնելու իրավական սահմանափակում գոյություն ունի, քանի որ անձնական տեղեկատվության պահպանման և գաղտնիության իրավական նորմեր կան, որոնք չեն կարող հրապարակվել: Այնուամենայնիվ, նմանօրինակ տեղեկատվությունը համապատասխան տեղեկատվական խողովակներով մշտապես հրապարակվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով, որտեղ համապատասխան բացվածքներում կարելի է տեսնել պարգևատրումների ընդահանուր թվային պատկերը և այս ամենը թափանցիկ է:
Միաժամանակ նշենք, որ ՊԵԿ-ն ի տարբերություն մյուս պետական մարմինների ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ և պարգևատրումներ տրամադրելու, որովհետև, օրինակ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով և դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների և պարգևատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը: Մյուս կողմից, հարկ է ընգծել, որ, օրինակ 2019-ին այդքան մեծ պարգևատրման չափեր սահմանված չեն: Թեև, այժմ 2019-ի թվականի բյուջեի մասին օրենքով և հարակից օրենսդրությամբ ներմուծված նոր գործիքակազմով և իրավակարգավորումներով ՊԵԿ-ը փորձում է նորից պարգևատրման համապատասխան ու համարժեք չափ հայթայթել: Հետևաբար 2018թ.-ին ՊԵԿ-ը` ունենալով հնարավորություն վճարել է պարգևատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգևատրումներից: Ընդ որում, պարգևատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձինք, այլ հարակային և մաքսային բոլոր ծառայողները: ՊԵԿ-ը կարծում է, որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է:
Հետևապես, ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգևատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում»:
Թեև ՊԵԿ-ը հրապարակման մեջ նշված թվերը համարում է «բացահայտ սուտ», այնուամենայնիվ, չի հրապարակում «թաքուն ճիշտը»՝ հղում անելով անձնական տեղեկատվության գաղտնիությանը։
Ի դեպ, Tert.am-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել էր․«Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»՝ ըստ էության հաստատելով ստացած մեծ գումարը։
Yerevan.Today-ը հարցում է ուղարկել Պետական Եկամուտների կոմիտե՝ հետևյալ բովանդակությամբ․
«Որքա՞ն աշխատավարձ (ներառյալ հարկերը) է ստացել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը 2018 թվականի մայիսից դեկտեմբեր ամիսները (ներառյալ)՝ ըստ ամիսների։ Որքա՞ն պարգևատրում է ստացել ՀՀ ՊԵԿ նախագահը 2018 թվականի մայիսից դեկտեմբեր ամիսները (ներառյալ)՝ ըստ ամիսների։ Որքա՞ն հավելավճար է ստացել ՊԵԿ նախագահը 2018 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսները (ներառյալ)՝ ըստ ամիսների։
Խնդրում ենք 2018 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսները (ներառյալ) աշխատավարձի, պարգևատրումների և հավելավճարների վերաբերյալ առանձին-առանձին տեղեկատվություն տրամադրել նաև ՊԵԿ հետևյալ պաշտոնյաների վերաբերյալ․
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
ՊԵԿ նախագահի տեղակալներ
ՊԵԿ աշխատազմի ղեկավար
ՊեԿ աշխատակազմի ղեկավարի տեղակալ
ՊԵԿ վարչության պետեր
ՊԵԿ նախագահի օգնականներ
ՊԵԿ նախագահի խորհրդականներ
ՊԵԿ լրատվության պատասխանատու, մամուլի քարտուղար
Որքա՞ն հավելավճար է տրվել ՊԵԿ ողջ աշխատակազմին 2018թ․ մայիս-դեկտեմբեր ամիսներին (ներառյալ)
Որքա՞ն պարգևատրում է տրվել ՊԵԿ ողջ աշխատակազմին 2018թ․ մայիս-դեկտեմբեր ամիսներին (ներառյալ)»։
Հիշեցնում ենք ՊԵԿ-ին, որ ոչ վաղ անցյալում դատական ակտ է կայացվել, օրինակ՝ պարգևատրած թանկարժեք ժամացույցի մասին մանրամասն ինֆորմացիա հրապարևակելու վերաբերյալ, ինչը ևս մինչ դատարանի վճիռը ՊԵԿ-ը համարում էր գաղտնի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը