Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի կառավարությունը վեց ամսով հետաձգում է վառելիքի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Այս մասին հայտնում է tass.ru-ն:
«Ոչ մի հարկ չունի հասարակության միասնականության արժեքը: Ես ականջալուր եղա ֆրանսիացիների ցասմանը»,- հայտարարել է վարչապետը:
Հայտնի է, որ դա արվել է «դեղին անթև բաճկոնների»` նոյեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաներին, փողոցային անկարգություններին վերջ տալու նպատակով: Ֆրանսիայի իշխանություններն այլընտրանք չունեին, քանի որ բողոքի ակցիաներն արդեն արմատական բնույթ են ստացել:
Հատկանշական է, որ երեք շաբաթ առաջ, երբ բողոքի ակցիաները դեռ նոր էին սկսվել, վարչապետն ու նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում էին վառելիքի գների բարձրացման որոշման անբեկանելի լինելու մասին:
Այնուհանդերձ՝ չի ակնկալվում, որ վարչապետի հայտարարությունը վերջ կտա բողոքի ակցիաներին, ճանապարհների արգելափակմանը:
Հայտնի է, որ բենզինի թանկացման դեմ բողոքող տասնյակ հազարավոր ֆրանսիացիների ու ոստիկանների բախման հետևանքով անցած հանգստյան օրերին տուժել է ավելի քան 100 մարդ, հրկիզվել են բազմաթիվ մեքենաներ ու շինություններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը