Alpha News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամենայն հավանականությամբ, առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով: Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում:
Կա տեղեկություն նաև, որ Մակրոնը Երևանից հետո պիտի այցելություն կատարի նաև Բաքու: Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է բանակցություններ վարել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ եւ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ:
Հիշեցնենք՝ Էմանուել Մակրոնը Հայաստան է եկել միայն մեկ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, որը համախմբել էր ավելի քան 2 տասնյակ երկրների ու կառավարությունների առաջնորդներին, սակայն այս այցը Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն և էական նշանակություն չի ունեցել:
2017 թվականին Ֆրանսիայի նախագահ դառնալուց և 2021 թվականին վերընտրվելուց հետո մինչև հիմա Էմանուել Մակրոնը ո՛չ պաշտոնական, ո՛չ պետական այցով Հայաստանում չի եղել՝ ի տարբերություն Ֆրանսիայի նախկին նախագահների: 2006-ին Ժակ-Շիրակն է պետական այցով Հայաստան ժամանել, Նիկոլա Սարկոզին՝ 2011-ին, իսկ Ֆրանսուա Օլանդը՝ 2014-ին: Օլանդը երկրորդ անգամ Երևանում եղել է 2015-ին՝ Հայոց ցեղասպսանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայ համայնքի հետ հանդիպումներին Ֆրանսիայի գործող նածագահը բազմիցս հայտարարել է, որ կգա Հայաստան այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում տեղաշարժ լինի և Ֆրանսիան նոր ասելիք ունենա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը