Ամերիկյան առաջատար հեռուստաալիքներից CNN-ի քաղաքական մեկնաբան Անա Նավարոն, եթերում անդրադառնալով նախագահ Դոնալդ Թրամփին, նրան «ռասիստ խոզ» է անվանել։ Դա տեղի է ունեցել Թրամփի՝ ներգաղթյալների հանդեպ վարած կոշտ քաղաքականության մասին թեժ քննարկման ընթացքում:
Հաղորդավար Քրիս Կուոմոն ասել է, որ ԱՄՆ նախագահը միգրացիոն քաղաքականությամբ «խաղ է խաղում»։
«Իմ կարծիքով՝ նա ռասիստ է: Նա մեքսիկացիներին հանցագործներ ու բռնաբարիչներ է անվանել: Այս ընթացքում նա բազմաթիվ ռասիստական բաներ է ասել: Նա ռասիստ խոզ է»,-ասել է Նավարոն։ Մեկնաբանին ընդհատել է հաղորդավարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում երկիր թողնել Հարավային Ամերիկայից դեպի ԱՄՆ սահման շարժվող ներգաղթյալների՝ մի քանի հազար մարդուց բաղկացած «քարավաններին»: Նա իր որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ «այդ մարդկանց մեջ բազմաթիվ հանցագործներ կան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը