Մեքսիկայի իշխանությունները հրաժարվել են ավտոբուսներ տրամադրել Հարավային Ամերիկայից դեպի ԱՄՆ սահման ուղևորվող ներգաղթյալների «քարավանի» առաջին խմբի անդամներին՝ նշելով, որ նրանք ստիպված կլինեն մնացած 1.500 կմ տարածությունը ոտքով անցնել, հաղորդում է Daily Mail-ը։
Ինչպես նշվում է, 4000 մարդուց բաղկացած «քարավանը», որում կան կանայք, երեխաներ ու հղիներ, շարժվում է դեպի Մատիաս Ռոմերո մեքսիկական քաղաք, որտեղից էլ ուղևորվելու է դեպի ԱՄՆ-ի սահման:
«Քարավանի» մյուս խումբը, որում ևս հազարավոր մարդիկ կան, առաջինից 321 կմ հետ է՝ Տապաչուլա քաղաքում։
Ավելի վաղ «քարավանի» կազմակերպիչները հայտարարել էին, որ մեքսիկական իշխանություններն իրենց խոստացել են 14 ավտոբուս տրամադրել:
Միաժամաակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի սահման է ուղարկել 100 զինծառայողի, որոնք սպասում են բազմահազարանոց «քարավանին»: Սահմանին կտեղակայվի ամերիկյան 7.000 հոգանոց զորք, Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է զինծառայողների թիվը հասցնել 15.000-ի: ԱՄՆ նախագահը դեմ է ներգաղթյալներին ապաստան տալուն և նրանց նախազգուշացրել է, որ ամերիկացի զինծառայողներն ի պատասխան իրենց ուղղությամբ նետված քարերի՝ կրակ կբացեն «քարավանի» անդամների ուղղությամբ։
«Սակայն հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա: Միաժամանակ պետք է ասեմ՝ եթե որևէ մեկը քարեր նետի զինծառայողների ուղղությամբ՝ այնպես, ինչպես եղավ Մեքսիկայում ու դրա հետևանքով բազմաթիվ մեքսիկացի ոստիկաններ ու իրավապահներ տուժեցին, մենք կմտածենք կրակ բացելու մասին»,-Ս պիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը