25 10 2018

Կաթողիկողի անվտանգության ապահովման օրենքի նախագիծը մերժվեց

Կաթողիկողի անվտանգության ապահովման օրենքի նախագիծը մերժվեց

Կառավարությունը քննարկեց և բացասական եզրակացություն տվեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին:

Նախագծի հեղինակը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն է: Նա առաջարկում էր օրենքով երաշխավորել Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահ անվտանգությունը:

Նախագիծը ներկայացրեց արդարդատաության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Օրենքի նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, ոչ թե վարչապետի հայեցողությամբ»,- ասաց նա և նշեց, որ կառավարությունն առաջարկում է օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով՝ ընդհանուր առմամբ, նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովել: «Պետք չէ, այսպես ասած, տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է: Եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` իրավիճակները պետք չէ մեկնաբանել այլ կերպ, քան կան: «Կարծում եմ, որ իսկապես տեղին չէ, և եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ես` ինքս, պատրաստ եմ քննարկել և, ըստ անհրաժեշտության, որոշում կայացնել: Դրա համար օրենքի անհրաժեշտություն չեմ տեսնում: Առավել ևս` օրենքը բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասին է: Ես չեմ կարծում, թե կոռեկտ է Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճականության մեջ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ