10 10 2022

Իշխանասարում զոհված 19–ամյա Ռոբերտ Հայրապետյանը ֆուտբոլիստ էր. News.am

Իշխանասարում զոհված 19–ամյա Ռոբերտ Հայրապետյանը ֆուտբոլիստ էր. News.am

News.am-ը գրում է.

«Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ռոբերտ Արմենի Հայրապետյանը։

19–ամյա Ռոբերտը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր։ Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարին, ծառայում էր Գորիսում։

NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Դիանան պատմեց, որ Ռոբերտը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մարտերի ժամանակ։ Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ 19–ամյա Ռոբերտինն էր։

«Ռոբերտի հետ վերջին անգամ խոսել էինք կեսգիշերին մոտ, երբ դեռ ռազմական գործողությունները չէին սկսվել։ Ընկերների պատմելով՝ Ռոբերտի ձայնը ռացիայով լսվել է մինչեւ լուսադեմ ժամը 5–ը։ Տեղյակ չենք, թե ինչ հանգամանքներում է զոհվել Ռոբերտը։ Նրանից լուր չունեինք, սոցիալական ցանցերում ադրբեջանցիների տարածած լուսանկարներում ենք տեսել նրան ու ճանաչել»,– պատմեց Դիանան։

Ռոբերտը սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում։ Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլով էր զբաղվում։ Խաղացել է «Գանձասար», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներում։ Ռոբերտը ընտանիքի կրտսեր զավակն է, իրենից մեծ քույր ունի։

Ռոբերտին հուղարկավորել են սեպտեմբերի 23–ին, զինվորական կարգով, ընտանեկան գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ