15 09 2022

Տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ

Տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ  2022 թվականի  սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց  ձորի մարզերում քաղաքացիական  բնակչությունը և  կենսական  հանրային  ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները,  գտնվել են   ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով  երաշխավորված մի շարք  իրավունքներ:

«Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական հարձակման հետևանքով խախտվել են երեխաների կյանքի, առողջության, անվտանգ և ապահով միջավայրում ապրելու, ընտանիքում  և համայնքում ապրելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք իրավունքները: Հատուկ  պետք է ընդգծել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների՝ դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին:

Ստեղծված իրավիճակում հատկապես տեղահանված համայնքների երեխաները զրկված են կրթության իրավունքի  իրացման հնարավորություններից: Որոշ դեպքերում դպրոցները և մանկապարտեզները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության և թիրախավորման ներքո:

Պաշտպանի աշխատակազմի  հավաքագրած տեղակատվությունը վկայում է ուսումնական հաստատությունների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակների կիրառման մասին:  Օրինակ՝ վնասվել է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուսումնական հաստատությունը:

Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ուղղակիորեն սահմանում է, որ պատերազմական գործողություններից տուժած երեխաների խնամքի և պաշտպանության համար պետք է կիրառվեն հատուկ միջոցներ: Ընդ որում՝ Կոնվենցիան պահանջում է, որ անդամ պետությունները պարտավորվում են հարգել զինված հակամարտություններում երեխաների իրավունքներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքը:

Այս համատեքստում կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ զինված հակամարտության կամ ռազմական իրավիճակում ռազմական գործողությունների չմասնակցող երեխաների իրավունքները երաշխավորվում են «Քաղաքացիական անձանց մասին» 1949 թ. Ժնևի կոնվենցիայով, 1977 թվականի հունիսի 8-ի թիվ 1 լրացուցիչ արձանագրությամբ: Երեխաների իրավունքների կոմիտեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Գլխավոր ասամբլեայի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված փաստաթղթերով  կարևորվել է ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների խախտման անթույլատրելի լինելը, այլ նաև այն հետևանքների կանխարգելման հրամայականը, որն անհրաժեշտ է երեխաների առօրյա կյանքի, նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման երաշխավորման համար:  Այս կառույցների կողմից բազմիցս դատապարտվել է նաև ուսումնական հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների  վրա հարձակումն ու նրանց թիրախավորումը:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխաները հատուկ պաշտպանության ներքո են:

Ըստ այդմ՝ Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում գտնվող երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և  գործնական քայլեր ձեռնարկել  դրանց հրատապ վերացման ուղղությամբ»,- նշում են ՄԻՊ աշխատակազմից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ