16 06 2022

Երբ Քարվաճառը հանձնում էին, Գրիգորն էրեխու պես լաց էր լինում. Yerkir.am

Երբ Քարվաճառը հանձնում էին, Գրիգորն էրեխու պես լաց էր լինում. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

Գրիգորի համար հայրենիքի անբաժանելի մաս էին Քարվաճառը, Շուշին, Հադրութը։ Կորսված հայրենիքի այս վայրերում սար ու ձոր չկար, որտեղ նա ամակ չունենար։ Քարվաճառը կորցնելուց երեխու պես լաց էր լինում՝ պատմում են մարտական ընկերները։ Գրիգոր Կարապետյանը Թալինից է։ ՀՅԴ Թալինի «Արամ» կոմիտեության ներկայացուցիչ Արտակ Սարուխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ նա ՀՅԴ Թալինի «Արամ» կոմիտեի անդամ է։  Տասը մատի պես գիտի հին ընկերոջը։

«Գրիգորը բոլոր պատերազմներին մասնակից է եղել՝ սկսած 1990-ական թվականներից։ 1994 թ․ հրադադարից հետո Գրիգորը շարունակել է ծառայությունը Քարվաճառում՝ որպես պայմանագրային զինծառայող»,-պատմում է Սարուխանյանը, ապա ավելացնում՝ Գրիգորը շատ հանգիստ եւ զիջող բնավորություն ունի, աշխատող ու բարի մարդ է, մի խոսքով՝ սարի նման անձնավորություն։

Գրիգոր Կարապետյանը ակտիվորեն մասնակցում էր «Դիմադրություն» շարժման ակցիաներին եւ երթերին մինչեւ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած դեպքերը։ Ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումներից հետո Կարապետյանին ձերբակալել են, հետո՝ կալանավորել։

«Սարքած գործի մեջ են նրան մեղադրում»,- շեշտում է Սարուխանյանը։ Պատմում է, որ այդ օրը Գրիգորի աչքի առաջ եղբորը՝ Դավիթ Կարապետյանին, մարմնական ծանր վնասվածք են պատճառել։ «Կարմիրբերետավորները նրա աչքի առաջ եղբոր ճակատը բացեցին, երեք կար են տվել»,- ասում է նա։

Գրիգորի մարտական ընկեր Ներսես Տեր-Պետրոսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ է ծանոթացել նրա հետ։ Ասում է՝ երեխայի նման լաց էր լինում, երբ իմացավ, որ Քարվաճառն այլեւս չկա։

«Գրիգորին ես մոտիկից ճանաչեցի 44 -օրյա պատերազմի ժամանակ՝  3-րդ վաշտի կազմավորման ընթացքում, երբ ձեւավորվում էին դասակները։ Թալինից եկած տղաները մի  դասակում էին ընդգրկվում։ Հրամանատարի թեկնածու էի փնտրում, ու պարզվեց, որ այդ տղերքի մեջ կա մեկը, որը զինվորական փորձառություն ունի՝ Քարվաճառում եղել է գումարտակի հրամանատար։ Նա նշանակվեց դասակի հրամանատար։ Մարտական ծառայության ընթացքում Գրիգորն իրեն դրսեւորեց որպես լավ կազմակերպիչ, փայլուն զինվորական։ «Եղնիկների» այն հատվածը, որը մենք զբաղեցրինք, նոր դիրքեր էին։ Գրիգորի գլխավորությամբ այդ դասակը մեծ աշխատանք տարավ դիրքերի կահավորման, ամրացման եւ այդ դիրքերը անխոցելի դարձնելու ուղղությամբ։ Երկար ժամանակ նա եղել էր Քարվաճառում գումարտակի հրամանատար։ Երբ Քարվաճառը հանձնում էին՝ երեխու պես լացում էր»,- պատմեց զրուցակիցս։

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Կարապետյանն իր կյանքի երիտասարդ տարիները նվիրել էր Քարվաճառի ամրացմանը, ուժեղացմանը, սարերի մեջ կանգնած՝ իրեն տեր էր զգում։ «Իր՝ տարիներով ձեռքբերածը կորցրած մարդը չէր հիասթափվել, ուզում էր գոնե անկումը մի կետում կանգնեցնել։ Ես այդպիսին գիտեի Գրիգորին՝ չնահանջող, չկոտրվող։ Նա հավատում է, որ կարող ենք հետ բերել Շուշին, Հադրութը, Քարվաճառն ու մեր հայրենիքի մյուս հատվածները»,- ասաց նա։ 

Գրիգորը կամային ուժեղ հատկանիշներ ունեցող մարդ է, Տեր-Պետրոսյանի խոսքով՝ թալինցիների մոտ մեծ հեղինակություն է վայելում, նրա խոսքը երբեք գետնին չէր ընկնում։

«Երբ Գրիգորին հանձնարարություն էր տրվում, վստահաբար, ամբողջությամբ կատարվում էր։ Ողջ օրը տղերքի հետ էր, հատկապես՝ երիտասարդների․ մարտադաշտի նրբություններն էր բացատրում։ Երբ երիտասարդներից մեկը հերթապահության էր լինում կամ ինչ-որ մարտական խնդիր էր կատարում, նա գիշերվա կեսին գնում էր, որ տեսներ՝ ո՞նց են, հո խնդիր չունե՞ն։ Ամեն ինչ անում էր, որպեսզի որեւէ խնդիր չառաջանա՝ ե՛ւ հոգեբանական, ե՛ւ մարտական առումով։ Գրիգորի տղան մոտակա զորակոչին կզորակոչվի բանակ։ Փոքր երեխան 5 տարեկան է։ Հայրենիքը նրա համար բացառիկ արժեք ունի»,- ասում է Տեր-Պետրոսյանն ու շեշտում՝ հայրենասիրությունդ ու զսպվածությունդ դեր չեն խաղա, եթե ուզում են քեզ խնդիրների մեջ ներքաշել՝ կարող են։ Դա կանեն կեղծիքով, պրովոկացիայով, այլ ձեւերով։

«Նրանք արել են դա ու Գրիգորին ներքաշել մի խնդրի մեջ, որն ամբողջությամբ կեղծիք է»,- հավելեց Տեր-Պետրոսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ