Այն բոլոր մտավախությունները, որ վերաբերում էին Արցախը Հայաստանից կտրելուն, իրականություն են դառնում, աստիճանաբար։ Սկիզբը գազն անջատելն էր, հիշում ենք։ Անցած շաբաթ և կիրակի օրերին երկու միջադեպ տեղի ունեցավ․ նախ դեկտեմբեի 3-ին ադրբեջանցիները փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ռուս խաղաղապահների հետ երկար բանակցություններից հետո, ի վերջո, բացվեց։ Մեկ օր անց՝ դեկտեմբերի 4-ին, Մատաղիս-Քարվաճառ երթուղով անցնող ադրբեջանցիները կանգնեցնում են մեքենան և Գետավան համայնքում հայ երիտասարդների հետ վիճաբանություն սկսում, դա վերածվում է ծեծկռտուքի։ Այս սադրանքները մշտական բնույթ են կրելու, մինչև Արցախի լրիվ հեռացումը հայերից։ Այս երկու սադրանքներից մեկ օր առաջ Հայաստանի խորհրդարանում իշխանությունը եղբայրական ժեստ արեց ադրբեջանցիներին․ «Հայաստան» խմբակցության բերած՝ Ադրբեջանին դատապարտող հայտարարությունը չընդունվեց։ Ասացին՝ ընդդիմություն, եկեք չսրենք, թող Ադրբեջանը տեսնի՝ խաղաղասեր ենք, իրենց նման չենք։ Էդ կարգի խաղաղասե՞ր․ «Արցախի Հանրապետություն» բառերը ջնջել էր ՔՊ-ն ու փոխարենը գրել «Լեռնային Ղարաբաղի հայություն», «օկուպացված» բառերը հանել էին, հակաթուրքականները հանել էին։ Ու ասում են՝ տեքստի հետ ունենք սկզբունքային անհամաձայնություններ։ Բա էս մարդկանց համար կարծես սկզբունքային է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ֆրանսիայի խորհրդարանում հակաադրբեջանական բանաձև են ընդունում, իսկ Հայաստանի խորհրդարանում մերժում են։ Ֆրանսիացիներն ավելի՞ հայամետ են, քան ՔՊ-ն։ Արդյո՞ք Ադրբեջանցիներն այնքան նվիրված են Ադրբեջանին, որքան ՔՊ-ն։
Այս բանաձևի տապալման հենց հաջորդ օրն ապացուցվեց, որ ինչքան վախենաք, էնքան հարվածներ եք ստանալու։ Ադրբեջանցիները մի քանի ժամ փակել էին Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհը․ դուք տեսա՞ք մի պաշտոնյա գնա Հայաստանից, Արցախից, Սյունիքի մարզպետ, Քպ-ական դեպուտատ․ ո՞ւր էին մտել, բա գնայիք ասեիք եկեք չսրենք։ Իշխանավորներն ասում են՝ մենք կապ չունենք, ռուս խաղաղապահներին դիմեք։ Ժողովրդին սովորեցնում են, որ խնդիրների դեպքում իրենց չհիշենք։ Մենք էլ ասում ենք՝ դե սա նիկոլենց ուժերից վեր է, ձեռքները լվացել են, ռուսները պետք է մի բան անեն։ Կամ՝ ընդդիմությունն ի՞նչ է անում, գոնե իենք մի բան անեն կամ Նիկոլին հանեն և այլն։ Սա պահանջը հասցեատերից շեղելու տարբերակ է։ Եթե ընդդիմության քննարկումները չլինեն, հարցադրումները չլինեն, լրագրողների հարցերը չլինեն, իշխանությունը Արցախի մասին ոչ մի բառ երբեք չի խոսի։ Իրենք ասում են՝ մենք կապ չունենք, մենք մենակ Եվրատեսիլի բեմով ենք զբաղված։ Մենք էլ կարծես համակերպվում ենք՝ դե հա, ի՞նչ կարան անեն։ Էնտեղ Ադրբեջանցիները ճանապարհը փակում են, էստեղ մեր ոստիկանությունն է փակում, որ տոնական լույսեր կախեն։ Երևանը ոչ մի ձևով չի արձագանքում սահմանին կատարվողին․ Էնտեղ տղերքը քնում են վրանների մեջ, բայ միլիոնավոր դոլարներ տալիս են զարդարանքին։ Ընդդիմադիր պատգամավորները գնացել են սահմանամերձ Վարդենիս, պատմում են ծայրահեղ ծանր վիճակի մասին՝ ձմեռ է, ջեռուցում չունեն, թոշակը քիչ, ապրելու միջոց չունեն, երեխաները կիսասոված են, վերջին սադրանքների ժամանակ վարդենիսցիներ են զոհվել, դիերը ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում է, մարդիկ տեսնում են իրենցից մի քիչ այն կողմ դիեր, բայց չեն կարողանում բերել հուղարկավորել։ Ավինյան Տիգրանն ասում է՝ մեր երեխաներին պարտք ենք տոնական տրամադրություն։ Ուրիշ բան պարտք չե՞ք։ Էն երեխեքին, որոնցից տոնածատ ու տոն եք խլել, նրա՞նց ինչ եք պարտք, մտածել ե՞ք։ Սահմանի բերանում ապրող երեխաները վաղուց մոռացել են տոնածառի լույսերի մասին, նրանք անվտանգություն են ուզում, նրանք արդեն ձեզանից ավելի շատ են հասունացել։ Հպարտանում է, ասում է նախկինները փող էին ծախսում, էսքան սիրուն չէր լուսավորությունը, տեսեք հիմա սիրուն է։ Էդքան լույս ձեր վրա էլ կախեիք կդառնայիք լուսատիտիկ։ Բայց հատկապես էս թեմայում նախկինների հետ չհամեմատվեք․ նրանք սգի վրա հրավառություն չեն արել։
Ժողովուրդը հաշտվել է արդեն մտքին, որ Նիկոլի կառավարության գործը մենակ տոնածառ զարդարելն է։ Ու պահանջ չեն դնում նրա առաջ, չեն ասում՝ Արցախի անվտանգությունը, անխոչընդոտ ցամաքային կապը ո՞ւմ պատասխանատվության տակ է։ Սրանք չե՞ն ծրագիր ներկայացրել, խոստումներ տվել։ Ասել եք սա ենք անելու, մի հատ էլ ցանկ եք ներկայացրել՝ Նիկոլով, Համբարձումով, Ալենով, Հրաչով-բանով, ասել եք, այ էս մարդկանցով ենք անելու․ հիմա ասում ենք դե արեք, ասում եք դա խաղաղապահը պետք է անի, էն մեկը Պուտինը պետք է անի, էն մյուսը պետք է Ալիևը կամք դրսևորի, էն պետք է միջազգային հանրությունը անի․ բայց նրանցից ոչ մեկի մասին խոսք չեք ասել ընտրվելիս։ Վերցրել ես պատասխանատվություն, ասում եմ ինչ ես արել, ինչով ես զբաղված, պատասխանում ես՝ Նիկոլի սիրած հումորի օրինակով՝ «պատերը ծակիմ, մեխը խփիմ, լույսը կախիմ»։
Հարց եմ տալիս ՔՊ-ականներին, իշխանության անդամներին ու ժողովրդին, եթե ընտրություններում հաղթեր Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, էսպիսի խայտառակ վիճակ էր լինելո՞ւ, ժողովուրդն էլ ասելու էր Նիկոլը ո՞ւր ա, թող մի բան անի՞։ Չէիք պահանջի՞ իշխանությունից։ Մայրուղին փակել են, ընդդիմությո՞ւնը պետք է բացի, թե՞ իշխանությունը։ Ընդդիմությունը գնացել է Վարդենիս, էնքան խնդիրներ է արձանագրել, դրանք ո՞վ պետք է լուծի, ընդդիմությո՞ւնը։ Չենք կարող, չէ՞, ասել՝ դուք հայտնաբերել եք, դուք էլ լուծեք։ Ընդդիմությանը ասում են՝ մի բան արեք՝ հանեք Նիկոլին։ Նորից նույն օրինակը երում եմ, էսօր իշխանության լիներ Քոչարյանը, գնալու էիք ասեիք Նիկոլ մի բան արա Քոչարյանին հանի, չի կարողանում աշխատի՞։ Դուք իշխանության եք բերել մարդու, որը մինչ այդ ցույց էր տվել ինչի է ընդունակ։
Հայաստանը, ի դեմս իշխանության, պարտավորված է ապահովել երկրորդ հայկական պետության՝ Արցախի, այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգության խնդիրներից բխող ամենը, ապահովել ցանկացած միջոցով՝ կլինի բանակցություն, թե այլ։ Սա նույն իշխանությունն է, որ 20 թվականի նոյեմբերի 9-ին լիազորություն է իրեն վերապահել, ստորագրել է Արցախի շրջանների հանձնում․ այդ նույն Նիկոլն է ստորագրել ու համաձայնվել, որ հայկական զորքերը դուրս բերվեն, հետ քաշվեն, չկրակեն և այլն։ Նա է գնում բանակցություններ վարում մեր կամ Արցախի մասին։ Ուրեմն թող ոնց ուզում է բանակցի, բայց երկիրը հեռու պահի էս կարգի սադրանքներից ու աղետներից։ Անգամ եթե էդ պարտավորությունը ռուսներինն է, ուրեմն պարտավոր եք ռուսների հետ էնպես բանակցել, որ էդ խնդիրները չառաջանան, ոչ թե մեզ ասեք ռուսներից պահանջեք։ Դո՛ւ ես պարտավոր պահանջես, դո՛ւ ես պայմանավորվել։ Ռուսների հետ էլ ընդդիմոթյունը չի բանակցում, մեզինից ոչ մեկը չի բանակցում, Նիկոլն է բանակցում, ուրեմն թող կարգավորի։ Եվրոպացի դտորդներ եք բերել, իբր, ո՞ւր են։
Հա, ի դեպ, Եվրատեսիլը կարող էիք կազմակերպել չափի մեջ ու այնպես, որ բոլորը հասկանային՝ մենք ագրեսիայի ենթարկված երկիր ենք, ոչ թե՝ ցույց տայինք՝ ամեն ինչ անցել ա, ամեն բան նորմալ ա։ Թող այդ Եվրատեսիլը լիներ Ուկրաինայում, կտեսնեիք ոնց կկազմակերպեին․ սաղ աշխարհը մի հատ էլ կդատապարտեր Ռուսաստանին։
Կարճ ասած՝ մենք Նիկոլին ու իր թիմին զոռով չենք բերել-սարքել վարչապետ, իրենք են իրենց ճղել, ամեն քայլի դիմել, որ ընտրվեն, թե՝ կլուծենք բոլոր հարցերը։ Եկել եք՝ բարի եղեք լուծել։ Դուք միայն տեխնիկական աշխատանք կատարող չեք։ Չեք կարողանում՝ գնացեք։ Երբ որ ասում ես Ղարաբաղը հանձնեմ, տամ, չխոսեմ, որ խաղաղություն լինի, ուրեմն կրող է միայն ժամանակավոր խաղաղություն լինել, մի քանի օրով․ էդ խաղաղության պահպանման համար ամեն անագմ մի բան պետք է հանձնես։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը