Երեքշաբթի` ապրիլի 26-ին, Ուրուգվայի խորհրդարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որը, ինչպես 20 տարի ի վեր, կազմակերպվում է Ուրուգվայի խորհրդարանի նախագահի եւ Հայ Դատի հանձնախմբի կողմից:
Միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լաքալիե Փոուն, փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը, նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, սենատորներ, դիվանագիտական ներկայացուցիչներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Հակոբ արք. Գլնճյանը, հայ համայնքի կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչներ:
Ելույթով հանդես եկավ Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը, որը, անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի` հայերին ուղղած` «գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալուն, խստորեն դատապարտց` ասելով. «Մենք այդ ժեստը համարում ենք ոչ միայն իբրեւ վիրավորանք` ուղղված հայ համայնքին, այլև Ուրուգվայի ժողովրդին»:
Միջոցառմանը տեսաուղերձով իր պատգամը փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Ուրուգվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Բարձր գնահատելով Ուրուգվայի պատմական դիրքորոշումը` նա ասաց. «Այսօր, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն իսկ իրողություն է, առանձնակի ակնածանքով ենք հիշում Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը 1965 թվականին: Դրանով Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որ համընդհանուր մոռացության միջից արդարության ձայն հնչեցրեց եւ սկիզբ դրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Մեր ժողովրդի հուշերում ու հոգեկերտվածքում Ուրուգվայն ընկալվում է իբրեւ իրական եւ անշահախնդիր բարեկամ»:
Վերջին ելույթով հանդես եկավ Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբից Գաբրիելա Մուժուքյանը: Նա քննադատեց երկրի արտգործնախարարությանը, որ ընդունել էր թուրք արտգործնախարար Չավուշօղլուին ճիշտ այդ օրը, անդրադարձաւվ միջադեպին եւ բարձր գնահատեց Ուրուգվայի նախագահի արագ արձագանքը այդ դեպքին:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Ուրուգվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանի տեսաուղերձը.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը