12 09 2019

Սոցբնակարաններում ապրող թոշակառուների կոմունալ վճարները կփոխհատուցվեն բյուջեից

Սոցբնակարաններում ապրող թոշակառուների կոմունալ վճարները կփոխհատուցվեն բյուջեից

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է այդ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և  ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցել պետական բյուջեի միջոցներից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ՀՀ -ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ապրում է մոտ 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու: Նրանք բնակվում են Երևանում և Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում (այլ կերպ անվանվում է նաև «Վետերան» օթևան):

«Նախատեսվում է, որ օրենքը կընդունվի և կկիրառվի 2020 թվականի հունվարի 1-ից»,-  ասաց նախարարը:

Նախագծի ընդունման արդյունքում սոցիալական աջակցություն կցուցաբերվի միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59: Ըստ նախնական հաշվարկների (հիմք է  ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի  դիմաց վճարված միջինացված ցուցանիշը)՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ  (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ  59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496 000 դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ