29 11 2018

Կենսաթոշակները և նպաստները կբարձրանան

Կենսաթոշակները և նպաստները կբարձրանան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամների և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը բարձրացնելու վերաբերյալ:

Կառավարությունը հավանության է արժանացրել նաև ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը` Կառավարությանը վերապահելով այդ չափը սահմանելու իրավասությունը: Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշված օրենսդրական փոփոխությունների նպատակը՝ կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելն է:

Նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամի համար և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թվականի հունվարի 1-ից սահմանել պարենային (ծայրահեղ) աղքատության գծի կանխատեսվող չափին հավասար`25500 ՀՀ դրամ։

Աշխատանքային կենսաթոշակների` աղքատության գծի կանխատեսվող չափից ցածր կենսաթոշակների չափերը կվերանայվեն նվազագույն կենսաթոշակի չափը սահմանող օրենքի ընդունումից հետո:

Անկախ օրենքն ընդունվելու ժամկետից` ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակները կավելանան 2019թ. հունվարի 1-ից` օրենքն ընդունվելու դեպքում 2019թ. հունվարի 1-ից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ամիսներին վճարված ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն և կվճարվեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ