Ինչպես տեղեկացրել էինք, Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում օգոստոսի 2-ին երեխա էր մահացել:
Դեպքի առնչությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ):
«Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներով երեխաներ, և ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։ 2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։
Դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս»,-գրված է պարզաբանման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը