1inam
Վերլուծական 04 12 2018

Ի՞նչ է գուժում իշխանությունից տեղեկությունների արտահոսքը

Քոչարյանի կալանքը՝ օդ ու ջրի պես կարևոր․ Դատախազություն-կառավարություն-դատարան թիմը հանգիստ չունի

Կայքերից մեկը գրում է Վերաքննիչ դատարանում` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստի ժամանակ, ուշագրավ դրվագի մասին: Դատախազը, ըստ Vesti.am-ի տեղեկությունների, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը հիմնավորել է այլևս հրապարակային ելույթներով հանդես չգալու անհրաժեշտությամբ, դրանով, իբրև, խանգարում է հետաքննությանը: Կայքը, բնականաբար, եզրակացության է հանգում, որ Քոչարյանին կալանավորելու իրական նպատակը, ստացվում է, նրան լռեցնելն ու հրապարակային դաշտից հեռացնելն է, այլ ոչ՝ «Մարտի 1»-ի գործը քննելը:

Մեկ այլ կայք՝ Alternativ.am-ը, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին ասել է, թե ամեն ինչ պետք է անել՝ Քոչարյանին փակելու համար, իսկ արձագանքին, թե՝ «գործը ջուր է», հիմքերը՝ թույլ, Փաշինյանը պնդել է, որ եթե Քոչարյանը չփակվի, գլխավոր դատախազը կկորցնի պաշտոնը։

1in.am-ն էլ հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրը, ինչը, ըստ տարբեր տեղեկությունների, տեղի չունեցավ հենց նշած դեկտեմբերի 1-ին, քանի որ դատարանը փորձեց «ապացուցել», թե մամուլին սխալ տեղեկություն է հասել։

Սրանք, իհարկե, մամուլի տեղեկություններ են, որոնք կարող են և սխալ լինել, բայց փորձը ցույց է տալիս, որ «իշխանական աղբյուրներից» եկած տեղեկությունները սովորաբար ճիշտ են դուրս գալիս։ Ինչպես, օրինակ, ճիշտ էր մամուլի տեղեկությունը, որ դատարանը կազմվել է վիճակահանությամբ, այսինքն՝ օրենքի կոպիտ խախտումով և անօրինական է։

Երբ մենք վերլուծում ենք փաստերը և համադրում «մեր տեղեկություններ» շարքի հրապարակումների հետ, բավականին բաներ են պարզ դառնում։ Օրինակ՝ պարզ է դառնում հարցի պատասխանը՝ դատախազության վրա ճնշում կա՞։

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ նիստին մասնակցում է 6 դատախազ, որոնց թվում՝ ՀՀ գլխավոր դատախազը։ Նա ամենաակտիվն է՝ ըստ Հայկ Ալումյանի, ակտիվորեն ներկայացնում է առարկություններ։ Իսկ դեկտեմբերի 3-ի նիստին 40 րոպեից ավելի հենց նա է ճառ կարդացել՝ ներկայացնելով կալանքի՝ «խնամքով կազմված, բայց անհիմն» փաստարկները (չակերտավոր ձևակերպումը դարձյալ փաստաբան Հայկ Ալումյանինն է)։

Եթե դատախազության ջոկատը մասնակցեր մարտի 1-ի գործի բացահայտման նիստերին, բոլորովին այլ մթնոլորտ, տրամադրություն կբերեր մարդիկ ցանկանում են բացահայտել պետության համար չափազանց կարևոր գործերից մեկը։  Բայց դատախազական ծանր հրետանաին մասնակցում է, ուշադրություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նիստին։ Ընդամենը։ Այսինքն՝ իշխանության համար ծայրաստիճան կարևոր է հենց նրա կալանավորումը։ Մարտի 1-ի բացահայտման մասին խոսք անգամ չի գնում։ Արդեն 5 օր դատարանը քննարկում է միայն կալանավորումը, գլխավոր դատախազն էլ , մյուսների հետ միասին, ջանասիրաբար ելույթ են ունենում հենց այդ հարցի շուրջ։

Ու դատելով այն բանից, որ առանց այն էլ ծանրաբեռնված դատարանը մյուս գործերն աչքաթող արած՝ ամեն օր նիստ է նշանակում հենց այս գործով, ակնհայտ է դառնում հապճեպորեն կալանավորման ցանկությունը։ Եվ հատկապես կարևոր է, որ դա լինի մինչև ընտրությունները դրանից հետո այլևս պետք չէ կալանքը։ Թե՛ մամուլը, թե՛ փաստաբանները նկատում են այդ հապճեպությունն ու զուգադիպությունները։ Իսկ դատարանի վրա ճնշումը դառնում ակնհայտ։

 

 

Ահարոն Համբարձումյան

Orphus համակարգ