20 06 2019

Ի՞նչ արժեք ունեն Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցված մեղադրանքները

Ի՞նչ արժեք ունեն Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցված մեղադրանքները

Այս օրերի ընթացքում դատական երկու կարևոր դեպք արձանագրվեց, որոնք ուղղակիորեն վերաբերում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ճիշտ կլինի ասել, որ այդ դատական դեպքերը կամ ակտերը վերաբերում են նրանց, ովքեր Ռոբերտ Քոչարյանի հասցեին մեղադրական բնույթի հայտարարություններ են անում:

Բացի այն բանից, որ այդ հայտարարությունները ուղղակիորեն թիրախավորում են ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահին, այդ հայտարարություններին միավորում է և այլ ընդհանուր հատկանիշ՝ դրանք անպատասխանատու են և մերկապարանոց:

Դեռևս նախորդ տարի Ռոբերտ Քոչարյանը հայց էր ներկայացրել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ դեմ՝ պահանջելով հերքել 1in.am-ի և «Ժամանակ» թերթի մի քանի հրապարակում՝ ամբողջությամբ: Այս տարվա հունվարի վերջերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ հայցը բավարարել էր և պարտավորեցրել է «www.1in.am» լրատվական կայքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված չորս հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարկել այն մասին, որ հիշյալ հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունները իրականությանը չեն համապատասխանում և զրպարտություն են:

Պատասխանող կողմը բողոքարկել էր այդ դատական ակտը՝ դիմելով վերադաս դատական ատյան: Եվ օրերս Վերաքննիչ դատարանը մերժել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի բողոքը: Դա նշանակում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տվյալ լրատվամիջոցների հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, այսինքն՝ պետք է հրապարակավ հերքվեն նույն լրատվամիջոցում և իրենց իսկ կողմից՝ ընդունելով, որ փաստացի զրպարտություն են:

Ցանկացած դեպքում, երկրորդ նախագահը նախանձելի հետևողականություն է դրսևորում այս հարցում և ձգտում է դատական կարգով պաշտպանել իր իրավունքները:

Նույն վիճակն ու պատկերը արձանագրվեց նաև Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված քաղաքացիական նույնաբնույթ հայցով: Տարբերությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը հրապարակային դատական նիստում հայտարարեց, որ իր վստահորդը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, հերքմամբ հանդես եկավ դատավարության հենց սկզբում: Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին՝ միտքը սա էր։

Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանն էլ ասել էր՝ դե, եթե Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել և դա հրապարակային ընդունեցիք, ապա բողոքի առարկան ինքնըստինքյան վերացավ: Հաջորդ օրը, երևի խորհրդակցելով իր վստահորդի հետ, Փաշինյանի ներկայացուցիչը իրենց դատական ծախսերի հատուցում ուզեց, թե՝ հենց սկզբից ել Քոչարյանին նկատի չի ունեցել, ինչի՞ էիք դատի տալիս։ Փաստաբան Ալումյանն էլ խոստացավ նույնիսկ պարգևավճարով հատուցել ծախսը, որքանի որ դատավորը որոշում կայացնի՝ ըստ էության հանգստացնելով թե՛ Փաշինյանին, թե՛ իր շահերի պաշտպանին և ի սկզբանե ազատելով նրանց գումարային ավելորդ խոսակցություններից:

Ինչ վերաբերում է Փաշինյանի ներկայացուցչի հայտարարությանը, որ իր վստահորդը Ռոբերտ Քոչարյանին նկատի չուներ՝ խնդրահարույց հայտարարություններն անելիս, ապա այն սոցցանցերում բազմաթիվ ծաղրական ու հեգնական ակնարկների առիթ տվեց: Եվ դա էլ կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանի ու նրա փաստաբանական թիմի որոշակի ձեռքբերումը: Նաև այն իմաստով, որ առկա իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ թիրախավորված քաղաքական հետապնդման իր մոլուցքով տարված, արդեն ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում հասարակության՝ իրականությունը սթափ ընկալող մարդկանց շրջանում, որ գնալով ընդլայնվում է:

 

Գալուստ Գրիգորյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ