09 11 2021

Այսօր արդեն Դիմադրությունը կա․․․ Գեղամ Մանուկյան

Այսօր արդեն Դիմադրությունը կա․․․ Գեղամ Մանուկյան

Երեկ տեւական դադարից հետո հանդիպեցինք Ազատության հրապարկում. միայն վայրն էր, որ երկար ժամանակ հավաքատեղի չէր եղել. մեր համատեղ պայքարը, մեր ընթացքը երբեք դադար չէր առել։ Մեր պահանջները չեն մոռացվել, մեր հանձնառությունը չի խամրել։ Գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Այս ամիսներին որոշ դեպքերում փոխվել են պայքարի մեթոդները, ձեւերը, հարթակները՝ բայց նպատակը մնացել է նույնը՝ հայրենադավ, կապիտուլյանտ իշխանության հեռացում, Հայաստանի եւ Արցախի մեկուսացման եւ թրքացման բացառում, ցանկացած հերթական զիջողական փաստաթղթի ստորագրման արգելակում։

Այս օրերին երբեմն հնչում է համահայկական դիմադրության «մեկնարկ» արտահայտությունը։ Այդ դիմադրությունն իրականում ոչ թե նոր է սկսվելու, այլ կա, կար, կային նախորդ ամիսներին, երբ բոլորս միասին էինք փողոցում, հրապարակներում, երթերում ու հանրահավաքներում, բոլորս միասին։ Ամեն մեկն իր առաքելությամբ, բայց մեկ ընդհանուր նպատակով։

Այժմ, «համահայկական դիմադրություն» ասելով, շեշտում ենք մեր միասնականությունը։ Ամեն մեկս այդ դիմադրության մեջ դերակատարն ենք, ղեկավարն ենք, առանջորդողն ենք, նախաձեռնողն ենք։

Ամեն մեկս, ուժերի ներածին չափով, փորձեց մեր ընդհանուր ծրագրերը կյանքի կոչել։ Պայքարեց անձնվիրաբար՝ չկանգնելով ոչ ոստիկանական բռնությունների, ոչ անքուն ու ցուրտ գիշերների, ոչ զրկանքների առաջ։

Բայց նաեւ լինենք անկեղծ. հակառակ մեր ցանկությանը, մեր դերակատարությանը, հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում չհաղթեցինք, զիջեցինք պոպուլիզմին, մանիպուլիացիային, վարչական լծակին, մեր ժողովրդի, հասարակության մեջ տիրող զիջողական, պայքարից հրաժարվելու տրամադրություններին, զիջեցինք մենք, բայց պարզ ասենք, շիտակ խոսենք՝ պարտվեցինք բոլորս, մեր ժողովուրդը, մեր երկրի ազգային անվտանգությունը, տարածքային ամբողջակությունը, Արցախի ինքնապաշտպանությունը, ինքնորոշումը, մեր Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը։ Քանի որ ընտրությունների նման ելքը ոչ թե իշխանության խոստացած ապագան ու խաղաղությունը բերեց, այլ հանգեցրեց նոր փորձությունների, զիջումների։ Մենք չհաղթեցինք, բայց պարտվեց հայությունը, քանզի ողջ աշխարհի առաջ մնաց գլխիկոր, զիջող, կապիտուլյանտ իշխանություն ընտրող պիտակով երկիր։

Այո, չհանդուրժեցինք այդ արդյունքները, չկանգնեցինք գեթ մեկ պահ, շարունակեցինք պայքարը՝ խորհրդարանական այս ամիսների տհաճ դահլիճն օգտագործելով, կռիվ տալով, ամեն քայլափոխի իշխանական խայտառակ, դավադիր սխալներ, ստերն ու քայլերը վեր հանելով, ցուցանելով։

Չընկրկեց մեր որեւէ մտահոգ հայրենակից։ Ամեն մեկը փորձեց իր ներածին չափով պայքարը շարունակել՝ փողոցում, իր բնակավայրում, բակում, աշխատավայրում, քանի որ նպատակը մեկն էր ու ընդհանուր։

Մեկ տարի առաջ մենք ելանք այս օրերին պայքարի ընդդեմ կապիտուլացիոն իշխանության, ոչ հանուն իշխանության, այլ հանուն՝ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների, ինքնիշխանության, անվտանգության։ Հիմա նոր թափ է հասունանում՝ մեր համատեղ պայքարը վերածել համահայկական դիմադրության՝ ամեն մեկիս դիմադրության՝ թրքական օկուպացիան, ինքնիշխանության վերացումը, Արցախի մեկուսացումը, հայաթափումը բացառելու համար։

Ամեն մեկս գործ ունի անելու։ Ամեն օր։ Ամեն մեկս առաջնորդում է այս պայքարը, առաջնորդելու է փոխելու երկրում հանրային տրամադրությունները, վերացնելու պարտվողականությունը, զիջողականությունը, ձեռքերը թափ տալու ու միայն սեփական հոգսերով տարվելու տրամադրությունները։

Ամեն մեկս պետք է գործի անցնի։ Օրն էլ ավարտի իր համար, զինակիցների համար, բայց առաջին հերթին Հայրենիքի համար հաշվետվությամբ, թե ինչ արեց այս օրը դիմադրությունը զորացնելու ու ընդլայնելու համար։ Որ պայքարը կիսատ չմնա, որ մեր ժառանգները որեւէ մեկիս չայպանեն, թե կարող էինք անել ու չարեցինք ապահով, անվտանգ, առանց թուրքական օկուպացիայի երկիր փոխանցելու համար։ Որ Արցախը նորից ուղղի մեջքը, վերագտնի Շուշին ու Հադրութը, մնացյալ օկուպացված հատվածները։

Գնանք բոլորս, միանանք բոլորս դառնալու մեր ամբողջական, համահայկական դիմադրական պարիսպ։

Ու երեկ միայն Ազատության հրապարակով չէ, որ սահմանափակված էինք։ Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին, ինչպես անցնող տասնամյակներին, համահայկական միասնական պայքարն է թեւածում։

Ու երեկվանից շատերը՝ Ազատության հրապարկից մինչեւ էլեկտրոնային նամակագրություն, հնչեցնում են հարց՝ լավ, հանրահավաք արեցինք ու ի՞նչ, հետո՞։

Հետոն ամեն մեկիցս է կախված։ Այս օրվա ընթացքում ես, օրինակ, առավել քան նախորդ երեք ամիսներին, առավել նպատակուղղված փորձել եմ գործել։ Պաշտոնական հարցապնդումներ եմ ուղարկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ, գլխավոր դատախազություն, քննչական կոմիտե, նախագահի աշխատակազմ։ Հստակ հարցումներով։ Հետո կբացեմ փակագծերը։ Հաշվառել եմ երեկվանից ինձ ուղղված գրությունների հասցեատերերին, որոնք առաջիկա օրերին զինակից կարող են ինեն։ Մտածում եմ նաեւ ուսանողության շրջանակում ինչ կարող եմ անել, այս անհասկանալի, փոքր ինչ համավարակային նիրհից արթնանալու համար։ Հայտարարություն եմ պատրաստել ԲՈՒՀ-երի ՔՊ-ական օկուպացիայի դեմ ու դրան դիմագրավելու քայլեր եմ նախանշում։

Վաղն էլ կասեմ ինչ եմ արել։

ՈՒ այսպես ամեն ոք, պետք է ավարտի օրն ու ինքն իրենց, ինչու ոչ՝ բոլոր մեր զինակիցներին հաշվետու լինի, կամ ավելի ճիշտ կիսվի հետները, որ դառնանք միասնական ճակատ։

Հ.Գ. Գիշերը պայքարի զինակից որդուս հետ էի զրուցում, ու խոսում պայքարի հաստատակամության մասին։ Գիտեմ, չենք նահանջելու։ Խորհուրդ տվեցի ընթերցել Քրիստափոր Միքայելյանի «Ամբոխային տրամաբանություն» գիրքը, թե ինչպես կարելի է հաղթահարել այն հանրային, երբեմն անբացատրելի, նահանջողականությունը, կրավորականությունը, իներտությունը, որի մասին խոսում ենք բոլոր անկյուններում՝

«Ոչ մի հասարակական շարժում չէ կարող յարատևել և մանաւանդ յաղթական վախճան ունենալ, եթէ նա ժողովրդականացած չէ ազգի մէջ, նրա ընդարձակ խաւերում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ