ՌԴ ԱԳՆ-ում մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, մաղթում ապաքինում տուժածներին և վիրավորներին: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:
«Ցավոք, սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կոչ ենք անում կողմերին՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա դեգրադացիայի, բոլոր ծագող հարցերը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար՝ դեէսկալացիային ուղղված միջոցներով և սահմանազատման համատեղ աշխատանքի շուտափույթ իրագործման միջոցով։ Մտադիր ենք ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության եւ բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9- ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա», - ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը