20 07 2021

Ինձ, իրականում, ոչինչ էլ չի եղել: Եղել է երկրի հետ, կոմբայնավարն է գերի ընկնում, զինվորը, հովիվը․ Գեղամ Նազարյան

Ինձ, իրականում, ոչինչ էլ չի եղել: Եղել է երկրի հետ, կոմբայնավարն է գերի ընկնում, զինվորը, հովիվը․ Գեղամ Նազարյան

Վերջին  երկու օրերին ստացել եմ աջակցության մեծ թվով զանգեր, դիմումներ, կողքիս կանգնելու պատրաստակամություն և նմանատիպ այլ մեսիջներ: Այն, ինչ տեղի ունեցավ ինձ բերման ենթարկելիս, նիկոլյան վարչախմբի դրսևորումներից մեկն էր: Ընդամենը:

Երբ կարմիրբերետավորների հրամանատարը անդադար կրկնում է բերման ենթարկվողի գլուխը ասֆալտին խփել, պարտադիր պետք է հետաքրքրվել, թե նա մոլագա՞ր է, կամակատա՞ր, թե՞  մոլագարի կամակատար:

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր շտապեցին աջակցել և պատրաստկամություն հայտնել կանգնել իմ կողքին.

  • Առաջին հերթին շնորհակալ եմ առյուծ և արծիվ հերոսներ ծնած մայրերին և հայրերին, որոնց մեզ կյանքը հավերժ դարձրեց մի ընտանիք
  • Իմ ընկերներին
  • Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին
  • Իրապաշտպաններին
  • Խմբագիրներին
  • Հոգևորականներին
  • և նաև նրանց, որոնց աջակցությանը սպասում էի, բայց այն այդպես էլ չեղավ: 

Հիմա անելիքների մասին

Ինձ, իրականում, ոչինչ էլ չի եղել: Եղել է երկրի հետ, լինում է երկրի հետ: Մեր կոմբայնավարն է հիմա գերի ընկնում, զինվորը, հովիվը: Մեր ճանաչված բժշկին են հիմա պատանդ պահում, մեր սահման պաշտպանող համայնքապետերին: Պատերազմն արդեն Երևանից 60 կմ հեռավորության վրա է ընթանում:

Մենք պետք է օր առաջ, ավելի ճիշտ ժամ առաջ ազատվենք այս իշխանությունից, որ մեր երկիր պատերազմ, աղետ, պարտություն, արյուն և արհավիրք բերեց: Պայքարը շարունակվում է, իսկ ավելի ճիշտ պայքարի նոր փուլը, ամենավճռական փուլը դեռ նոր է սկսում:

Բոլոր այն հարցերին, թե ինչ անենք քեզ համար, ուր գանք, ինչ կազմակերպենք և այլն, ես պատասխանում եմ շատ պարզ. կանգնենք միմյանց կողքի այս նեռին մեր երկրից քշելու անելու համար։

Ես չեմ ուզում, որ  հիմա էլ իմ հարևանների, բարեկամների, ծանոթ և անծանոթ մարդկանց երեխաները  զոհվեն: Չեմ ուզում, որ նորից իմ երկրում աղետ ու արհավիրք լինի: Բայց քանի նիկոլը կա՝ դա անխուսափելի է։ Երասխավանում հունիսի 20-ին նիկոլը ստացավ ընտրողների քվեների ճնշող մեծամասնությունը՝  266 ձայն, ու հիմա Երասխում պատերազմ է։ Բայց նիկոլին ընտրողները մեր հայրենակիցներն են ու նրանց հետ  պետք  է աշխատել։

Ես  սպասում էի, այս  ամենը շատ շուտ ավարտվելու է: Հիմա էլ եմ սպասում, բայց այն վճռականությամբ, որ այսուհետ ամեն օրը պայքար է լինելու։ Այս հակաբնական, հակաԱստվածային, հակատրամաբանական վիճակը չի կարող երկար շարունակվել: Պարտված իշխանությունը չի կարող շարունակել կառավարել: Մենք կուղղենք մեր սխալը, մենք ամեն ինչ կանենք այս հակաբնական վիճակը վերացնելու համար: Մենք՝ բոլորս միասին կփոխենք այս վիճակը: Ու դրանից հետո պետք է մեզ հարց տանք. ինչպե՞ս կարող էինք պատերազմ ու պարտություն բերած մեկին նորից ընտրել. Մի՞թե նրա համար, որ կրկին պատերազ ու պարտություն բերի:

Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ