09 03 2021

Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք․ Իշխան Սաղաթելյան

Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք․ Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց , որ գիշերելու են Բաղրամյան պողոտայում։

«Եկեք պայմանավորվենք, որ բոլոր այն պետական ինստիտուտները, որոնք կատարում են հակասահմանադրական գործողություններ, պետք է արգելափակվեն։ Քաղաքական մեծամասնությունը գերի է ընկել այդ խելագարի ձեռքը, մեր գործողություններով մենք օգնում ենք, որ նրանք ազատվեն նրա գերությունից։ Նիկոլ, գրի՛ր հրաժարականդ եւ հեռացիր, այլ տարբերակ դու չունես։ Մենք տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք։ Ուզում եմ դիմել ոսիկաններին․ տղե՛րք, մի արեք այդ բանը, այս բանակը միայն մերը չի, այս պետությունը միայն մերը չի, նաեւ ձերն է։ Մի՛ ենթարկվեք այդ խելագարի ապօրինի հրամաններին։ Դուք այդ իրավունքն ունենք։  Հարգելի ժողովուրդ, սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա Հայրենիքի փրկության համար պայքար է, խնդրում եմ ճիշտ գնահատել իրավիճակը․ այս մարդու իշխանության յուրաքանչյուր օրը վտանգ է մեր պետության համար։ Այո, բոլոր ինստիտուտները պետք է շրջափակենք, որոնք հակապետական են ու հակազգային։ Բոլոր այն անձանց, որոնք դավաճանել են մեր ժողովրդին ու պետությանը, պետք է նետել պատմության աղբանոցը»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև նշել է, որ թույլ չեն տալու խորհրդարանը շարունակի գործունեությունը, քանի որ իշխող մեծամասնության գործունեությունը հակազգային է, հակապետական է, հակասահմանադրական է։

«Հանրապետության նախագահի գիտությամբ եւ մասնակցությամբ, հերթական անգամ տապալվել է սահմանադական կարգը։ Եթե որեւէ ինստիտուտ մեր երկրում չի պաշտպանում սահմանադրական կարգը, մենք պատրաստ ենք պայքարելու եւ պաշտպանելու այն, եւ դա մեր բնական իրավունքն է։ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում, որովհետեւ սա նրա հարցը չէ, այլ Բանակի հարցն է։ Նա չպետք է ենթարկվի հակասահմանադրական պահանջներին։ Փաշինյանը բլեֆ է անում, երբ խոսում է արտահերթ ընտրություններից, նա ուզում է հուշագիր ստորագրել ընդդիմադիր խմբակցությունների հետ, քանի որ չի վստահում իր խմբակցությանը, քանի որ վախենում է, որ մեկ ուրիշի առաջադրվելու դեպքում՝ նա կընտրվի։ Չեմ կարծում, որ Ծառուկյանը հուշագիր կստորագրի։ Նիկոլը թող գա եւ հրաժարական ներկայացնի, այդ դեպքում մենք ճանապարհը կբացենք։ Ես խոսել եմ մայրաքաղաքի ոստիկանապետի հետ, հորդորել եմ սադրանքի չդիմել»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ