Մաս 1. Անխուսափելի օրը
Մեր ազգային-պետական օրացույցում ողբերգական էջերի առատությունը լուրջ կասկածի տակ է դնում մեր հեռանկարը։
Օրացույցը, մեծ հաշվով, ազգերի պատմության, նրա հասունության և հեռանկարի ամփոփագիրն է։
Այս առումով հայկական օրացույցը մտահոգիչ է։
Ազգը կարող է ունենալ Նարեկացի, Քուչակ, Թորոս Ռոսլին, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Այվազովսկի, Տիգրան Պետրոսյան, Վիկտոր Համբարձումյան և այլն, բայց, այսքանով հանդերձ, արդեն 21-րդ դարում չլինել կենսունակ։ Ունակ լինել՝ ստեղծելու համաշխարհային քաղաքակրթական արժեքներ, բայց չլինել կենսունակ։ Սա մեր ներկայի ցավոտ ռիսկերից մեկն է։
Մեր օրացույցը արժեքային և խորը բովանդակային փոփոխության կարիք ունի։ Մեր օրացույցում այնպիսի փոփոխություններ են պետք, որոնք կընդգծեն և կբարձրացնեն մեր ազգային և պետական կենսունակությունը։
Ինչի՞ց սկսել. 2020-ին տեղի ունեցածից հետո, մեր կենսունակությունը վերահաստատելու համար մեր օրացույցում օր առաջ նոր կարևորագույն տոնական օր պետք է մտնի՝ «Սիքտիրի օր»։ Սա է կենսունակության հայտ ներկայացնելու միակ բնական և առողջ քայլը։ Միտումնավոր խուսափեցի ավելի բարեկիրթ բառ օգտագործելուց։ Իրականությունն է ստիպում խոսել առավելագույնս պարզ։ Ցավոք, արժանապատիվ հրաժարականի, քաղաքական կոնսուլտացիաների միջոցով լուծումների, խորհրդարանական մեծամասնության պատասխանատվության վրա սահուն փոփոխությունների հնարավորությունները բաց թողնվեցին, ու մեր բազմադարյա հասարակությանը ուրիշ հնարավորություն չի մնացել։
Արժանապատվություն և պետական մտածողություն ունեցող շերտը որակվել է Էլիտա, և դա շատ լավ է, որովհետև հենց այդ էլիտան պետք է իրականացի այդ արարողությունը։
Խաղաղ, մեր երեխաների ձեռքից բռնած, առանց որևէ բերովի միտինգային զանգվածի, բոլոր այն մարդկանցով, ովքեր պահանջել են թիվ 1 մեղավորի հրաժարականը՝ անկախ քաղաքական հայացքներից, դուրս ենք գալիս հրապարակ և խաղաղ ազատել տալիս կառավարության սենյակը։ Գիտնականներ, բժիշկներ, դասախոսներ, ուսուցիչներ, երաժիշտներ, հոգևոր առաջնորդներ, գործարարներ, համայնքապետեր, խմբագիրներ, ուսանողներ, ազատամարտիկներ, փաստաբաններ և այլոք՝ բոլորս, ում նա անվանել է պսևդոէլիտա, պետք է հավաքվենք ու մեր օրացույցում ավելացնենք վերածննդի առաջին տոնական էջը՝ սիքտիրի օրը՝ սահմանադրական ճանապարհով։ Պատմական որոշակի փուլերում էլիտաները ժամանակ առ ժամանակ ունենում են շատ ավելի պարզ ու շատ կարևոր գործ, քան դասական էլիտարությունը՝ ազատվել աղետի վերածված պատմական պատահականությունից։ Միայն դրանից հետո էլիտան կարող է իրականացնել իր դասական էլիտար առաքելությունը՝ գեներացնել գաղափարներ, խրախուսել բանավեճեր, կրթել հասարակությունը և ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ պատնեշներ, որ այլևս երբեք ոչ ոք չկարողանա միակամ որոշել՝ մեր պետությունը տանել պատերազմի ու զոհել ամբողջ մի սերունդ։
Ինչո՞ւ եմ այսքան պարզ և առանց բարեկրթական նորմերի գրում. որովհետև, եթե մենք հնարավորինս արագ մեր օրացույցում չունեցանք այդ օրը և ցույց չտվեցինք բոլորին, որ մենք սկսում ենք վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, ապա բոլորով մեզ են որպես պետություն «սիքստիր» անելու քարտեզից։ Ներողություն ձևակերպման համար, բայց, պերսոնաժը դեռ մի կողմ, իրավիճակը մեզ այլ հնարավորություն չի տալիս. հարաճուն «բիզիմդիրը» պիտի անպայման իր պատասխանը ստանա, և այն պիտի սկսվի մեր ներքին Ս-ից։
Մաս 2. Անխուսափելի հարցը
Երբ կյանքում ոչ մի գիրք չկարդացածը մինչ այս պահը Նիկոլ է պաշտպանում, ասում ես՝ դե հիմա խելքը այսքան է ու դա ինչ-որ տեղ նորմալ է։ Բայց երբ տարբեր մասնագիտությունների գիրք կարդացածները լուրջ դեմքով ասում են. «բայց Վազգենը ամենալավ թեկնածուն չէ, Նիկոլը, այո պիտի գնա, բայց ո՞ւմ բերենք» այստեղ են ծագում մի խումբ հակասական հարցեր։ Դժվար է բացատրել, որ երբ տունդ վառվում է, չես մտածում՝ ոռոգմա՞ն ջրով հանգցնես, թե՞ խմելու, կողքի՞ հարևանի, թե՞ դիմացի։ Միակ բանը, որ մտածում ես՝ հրդեհը մարելն է. սա է առողջ ռեակցիան։ Իսկ երբ ազգովի 2.5 տարի հանդուրժել ենք պատմական պատահականության է´լ հարբած եթերները, է´լ քաղաքի կենտրոնում խորովածներն ու անվերջ ուտելը, անդադար անգրագիտությունները, հեղափոխականից մինչև ճոխ կյանք թռիչքը, փողոցայինի բառապաշարը, պետության կազմաքանդումը, պատերազմը, պարտությունը ու կորսված ամբողջական սերունդները, դրանից հետո քննարկել թե սա կամ նա, ընդ որում՝ մի կարճ փուլ, արդյո՞ք ամենալավ թեկնածուն է։ Երևի պետք է ավելի պարզ խոսել, որ
ա. Լավագույն թեկնածուի կաստինգի ժամանակ մեր պետությունը չունի, մի քիչ էլ ուշացնենք՝ պետության փլուզումը չենք կանգնեցնելու։ Կարճ փուլի ռիսկերը պետք է համբերատար ու պարզ բացատրել, դիմացինիդ հասկանալի, որ շաբաթներ հետո լինելու է այնպիսի տնտեսական աղետ, որ հաց կարող է չունենաք, որ ձեր խնայողությունները փոշիանալու են, որ դրամի կուրսը կարող է լինել աներևակայելի թվերի, որ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ կլինեն և այլն, որ աշխատավարձի ու թոշակի խնդիր է լինելու։ Բացատրեք, որ եթե անվտանգային լուրջ քայլեր չարվեն, պատերազմի երկրորդ փուլը շատ իրական է։
բ. Ձեր պատկերացրած լավագույն թեկնածուներից շատերը պարզապես չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվություն։ Ուղղակի չեն ուզում պետության լինել-չլինելու այս հանգրվանին իրենց վրա պատասխանատվություն վերցնել։ Չեն ուզում իրենց անդարդ գլուխը պրոբլեմների տակ դնել։ Ու առաջիկայում է´լ ավելի քիչ մարդ է մնալու, ով պատրաստ կլինի պատասխանատվություն վերցնել։
Ես շատ ավելի մտահոգիչ պրոբլեմ եմ տեսնում, քան՝ կոնկրետ թեկնածուի խնդիրը։ Միասնական թեկնածուին ցանկացած պահի կարելի փոխել, եթե կա այլ հանրային պահանջ։ Բայց ես կարծում եմ, որ «այո, Նիկոլը պետք է գնա, բայց դե ոչ այս թեկնածուն...» հաճախ հնչող ձևակերպումը հնչելու էր ցանկացած այլ անունի դեպքում։ Ցանկացած այլ միասնական թեկնածուի դեպքում նույնը ասվելու էր։ Ինչի՞ մասին է սա խոսում. ես կարծում եմ, որ մեր հասարակության մի զգալի մասը, ինչպես բոլոր ցավոտ խորքային հարցերում, այստեղ նույնպես ազնիվ չէ և իբր թեկնածուի շուրջ իր անհամաձայնությամբ քողարկում է շատ ավելի կարևոր ասելիք. ես ունեմ խոր կասկած, որ մեր հասարակության մի պատկառելի զանգված ուղղակի իր մեջ սկսել է «մերժել պետությունը», չի հավատում պետության հեռանկարին, չի տեսնում իրեն այս պետության մեջ, և պետության հեռանկարը իրենը չէ։ Եվ կարծում եմ, որ հային բնորոշ՝ պետության դժվարին պահին ուղղակի պետությունից հեռու մնալու հատկանիշն այսօր լայն թափ է հավաքում և քողարկվում է թեկնածուների մերժմամբ։
Ի՞նչ հեռանկար է այդ դեպքում ուրվագծվում։ Պետականության փլուզման տեմպերը և ընդհանուր վիճակը մի պահի կարող են լինել այնպիսին, որ իրավիճակը պարտադրի իր կոնկրետ լիդերին, և պետության ղեկը վերցնի նա, ով կկարողանա կանգնեցնել Հայաստանի տարածքի ամենօրյա փոքրացումը, նոր պատերազմի վտանգը և տնտեսական կոլապսը։ Այդ դեպքում արդեն ոչ ոք չի հարցնելու գիրք չկարդացածների կարծիքը, իսկ տանը նստած իներտ կրթվածները ստիպված ընդունելու են փաստը։ Ի վերջո, Հայաստանում դեռ կա պետության կրող մի շերտ, որն առայժմ կենսունակ է։
Բայց միայն հասարակությանը մեղադրելընույնպես ճիշտ չէ, և պետք է ընդունել, որ գործող հարթակը պարտավոր է լինել շատ ավելի բովանդակային։ Միայն մերժումով հնարավոր չէ պրոցեսներ գեներացնել, անհրաժեշտ են կառուցողական գաղափարներ՝ այլընտրանք։
Մաս 3. Անխուսափելի փուլը
Առաջին և երկրորդ քայլերը, իրենց ողջ կարևորությամբ հանդերձ, տեխնիկական են, բայց միայն դրանից հետո է հնարավոր երրորդ՝ ամենակարևոր փուլի գոյությունը՝ վերելքի ճանապարհը, աշխատանքը՝ Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Մենք պետք է գտնենք մեր վերելքի բանաձևերը։ Դա շատ բարդ է, բայց միանշանակ հնարավոր է։ Առաջին և երկրորդ տեխնիկական քայլերի ուշացումը, սակայն, փոքրացնում է այդ հնարավորությունը։ Երրորդ փուլի խնդիրն է՝ ազգային վերելքի բանաձև և այն իրագործելու ունակ թիմեր։ Իսկ դա հաստատ ո´չ այսօրվա լոզունգներ են, ոչ էլ՝ այսօրվա հարթակը։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը