Նոյեմբերի 5-ին կայացվել է «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 չեղարկման գործով որոշումը, փոխանցում է Լուրերը:
Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում քննվող չեղարկման այս վարույթը հարուցվել էր հարավային երկաթուղու և արագընթաց ճանապարհի կառուցմանը վերաբերող վեճի առնչությամբ 2023թ. հունվարի 20-ին կայացված արբիտրաժային վճռի չեղարկման նպատակով: Հայցը ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրերի և «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի հիման վրա: Արբիտրաժային վճռով տրիբունալն ամբողջությամբ մերժել էր Հայաստանի դեմ ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար հայցապահանջը և պարտավորեցրել հայցվորներին հօգուտ Հայաստանի փոխհատուցել շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես իրավաբանական վճարների և ծախսերի, այդ թվում՝ արբիտրաժային վարույթի ընթացքում Հայաստանի կրած բոլոր ծախսերի փոխհատուցում:
Չեղարկման վարույթի շրջանակներում դիմումատուները հանձնաժողովից պահանջում էին չեղյալ հայտարարել արբիտրաժային վճիռը «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 52-րդ հոդվածով նախատեսված հիմքերից երեքով՝ պնդելով որ՝ (1) տրիբունալն ակնհայտորեն գերազանցել է իր իրավասությունների շրջանակը, (2) ընթացակարգային հիմնարար կանոնից լուրջ շեղում է տեղի ունեցել, և (3) որոշման մեջ չեն նշվել դրա հիմքում դրված պատճառները: Դիմումատուների առանցքային պնդումն այն էր, որ տրիբունալը կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա ներկայացված հայցերի նկատմամբ չպետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության կանոնները, իսկ դրանք կիրառելու արդյունքում թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք հիմք են վճիռը չեղարկելու համար:
Չեղարկման վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացրել են՝ Alliance Law Partners իրավաբանական ընկերությունն՝ ի դեմս գործընկեր Էդվարդ (Թեդդի) Բոլդվինի, պրոֆեսոր Ֆրեդերիկ Սուղժանը և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը: Գործի մասին տեղեկատվությունը հասանելի է Կենտրոնի կայքէջում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը