168.am-ը գրում է. Մինչ արտաքին գործոնները դադարել են ցանկալի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա ու դրա պատճառով չեն հավաքվում նախատեսված հարկերը՝ կառավարությունը կենտրոնացած է պարտքեր վերցնելու վրա։ Տարեվերջին պատրաստվում են մեծ քանակությամբ նոր պարտքեր ներգրավել։ Գրեթե այնքան, ինչքան ներգրավել են անցած 9 ամսում։
Այնքան են տարվել պարտք վերցնելով, որ ֆինանսների նախարարը նույնիսկ էական չի համարում պարտքի մեծությունը։ Ասում է՝ պետք է հետաքրքրի ոչ թե պետական պարտքի բացարձակ մակարդակը, այլ ընդհանրապես պետական բյուջեով նախատեսված ծախսերի արդյունավետությունը։
Ծախսերի ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը, երբ ամեն քայլափոխի բյուջեի փողերը քամուն են տալիս։ Կարող են տասնյակ-միլիոնավոր դոլարներ ծախսել, պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություն բացել, աստղաբաշխական աշխատավարձեր վճարել, 2-3 տարի հետո փակել ու ասել՝ չաշխատեց։ Կարող են մի քանի միլիոն վճարել՝ համերգի կազմակերպման համար, ու ոչինչ չստանալ։ Կարող են 140-150 հազար դոլար տալ պետական բյուջեից ու Նիկոլ Փաշինյանի կնոջը սպասարկելու համար թանկարժեք ամենագնաց գնել։
Որտե՞ղ է այս ծախսերի արդյունավետությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանի կնոջ ծառայողական մեքենան լիներ, ասենք, 50 հազար դոլարանոց, երևի շատ պիտի նեղվեր։ Դրա համար որոշել են պետության հաշվին թանկարժեք ամենագնաց գնել։
Ֆինանսների նախարարը, ով ի պաշտոնե պարտավոր է գումար հատկացնելուց առաջ հիմնավորումներ պահանջել, տեղյակ չէ, թե որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանի կնոջ համար նման թանկարժեք ավտոմեքենա գնելու արդյունավետությունը։
Մինչ ֆինանսների նախարարը բյուջեի միջոցներն արդյունավետ ծախսելուց է խոսում, պետության փողերն ամենուրեք վատնում են։ Կարող են տարեկան տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր միլիարդ դրամների ծախսեր կատարել մեկ անձից գնումների միջոցով՝ առանց մրցույթի ու մրցակցության։ Թե միայն այդպիսի գնումների արդյունքում տարեկան ինչքա՞ն գումարներ է կորցնում պետական բյուջեն, ինչքանո՞վ են անարդյունավետ ծախսեր կատարվում, կառավարության ու ֆինանսների նախարարության մտքով չի անցնում հաշվել։ Եվ ինչո՞ւ պիտի հաշվեն, երբ այդ գումարները գնում են իրենց ու իրենց մերձավորների գրպանները։
Ընդ որում՝ խնդիրը միայն մեկ անձից կատարվող գնումներին չի վերաբերում։ Ընդհանրապես պետական գրեթե բոլոր գնումների արդյունավետությունն է նույնպիսին՝ կապ չունի՝ մեկ անձի՞ց է կատարվել, թե՞ մրցույթով է ձեռք բերվել։ Այդ գնումների արանքում մեծ գումարներ են կորում բյուջեից, ու որևէ մեկը պատասխան չի տալիս դրանց համար։
Պետական վերահսկողության ծառայության դիտարկած 8,7 հազար գնման ընթացակարգերից 2,6 հազարը կամ գրեթե 30 տոկոսը համարվել է ռիսկային։
Թե որքանո՞վ են արդյունավետ ծախսվում պետության փողերը, ինչքանո՞վ են պետական մարմիններն արդյունավետ կատարում իրենց պարտականությունները, երևում է երկրի այսօրվա վիճակից։ Ու դեռ դրա համար պետական պաշտոնյաները, բարձր աշխատավարձերից զատ, միլիոններով պարգևավճարներ են ստանում։
Պետության փողերը քամուն են տալիս՝ իրենց համար քեֆ-ուրախություններ, ֆեստիվառներ են կազմակերպում։
Այսքանից հետո ֆինանսների նախարարն իրեն թույլ է տալիս հայտարարել, թե ահռելի աշխատանք է տարվում, որպեսզի այն ծրագրերը, որոնք իրականացվում են, լինեն ավելի արդյունավետ, չանեն ծախսեր, որոնք արդյունք չեն տալիս, կամ գուցե արդյունք տալիս են, բայց առաջնահերթ չեն։
Այսպես «արդյունավետ» էլ ծախսում են բյուջեի փողերը ու դրա պատճառով միջին տարեկան առնվազն 1 միլիարդ դոլար պարտք են ավելացնում։
Վեց տարում արդեն հասցրել են ավելի քան 5,7 մլրդ դոլարի պարտք կուտակել։ Եթե իրականանա կառավարության կանխատեսումը, մինչև տարեվերջ այս իշխանության կուտակած պարտքը կհասնի 6,4 միլիարդի։ Կրկնակի ավելին կլինի, քան կառավարությունը պարտք ուներ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։
Հիշեցնենք, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կառավարության պարտքը 6,2 մլրդ դրամի շրջանակներում էր, այս տարվա վերջին կանցնի 12,6 միլիարդից։
Պետության փողերը ծախսելու արդյունավետությունից են խոսում, երբ հայտնի չէ անգամ, թե ի՞նչ են արել պարտքերի տեսքով ներգրավված այս հսկայական գումարները, ինչի՞ վրա են ծախսել, ի՞նչ արդյունք են ստացել։ Ոչինչ չկա, միայն պարտքերն ու պարտքերի սպասարկման գումարներ են աստղաբաշխական տեմպերով ավելանում։
Արդեն հաջորդ տարի պատրաստվում են կառավարության պարտքը հասցնել 14 մլրդ դոլարի կամ ավելացնել ևս 1,3 մլրդ դոլարով։
Պարտքի սպասարկման ծախսերն էլ կհասնեն 394 մլրդ դրամի, որը համարժեք կլինի 1 մլրդ դոլարի։
Բյուջեի ծախսերի 11,3 տոկոսը կգնա միայն պարտքը սպասարկելու համար։
Ընդամենը երկու տարի առաջ պարտքի սպասարկումը տանում էր բյուջեի 9,9 տոկոսը։ Երկու տարում 1,4 տոկոսային կետով ավելացրել են։ Ու այդ 1,4 տոկոսային կետի փոփոխությունը համարժեք է հարյուրավոր միլիոն դոլարների։
Եթե 2023թ. պարտքի սպասարկման համար վճարվել էր 253 մլրդ դրամ, հաջորդ տարի 141 միլիարդով ավել կվճարվի։ Երկու տարում բյուջեի վրա պարտքի սպասարկման բեռը կավելանա 363 մլն դոլարով՝ գերազանցելով տարեկան 1 մլրդ դոլարը։
Սարսափելի մեծության են հասցրել պարտքի գինը։ Կառավարության հաշվարկներով, այս տարվա վերջին արդեն այն կկազմի 7,6 տոկոս, մինչև իրենց գալը 4-4,5 տոկոս էր։
Այդքան որ ժամանակին քննադատում էին նախկիններին, նախկինների վերցրած պարտքերը ոչինչ էին այսօրվա իշխանությունների կուտակած պարտքերի դիմաց։
Ընդ որում, նախկին իշխանությունների տնտեսական քաղաքականության մեջ նախկին ընդդիմադիրների ամենասիրելի թեման հենց պետական պարտքն էր, որի քննադատությամբ, այդ թվում՝ այսօրվա իշխանության մաս կազմող նախկին տնտեսագետներն ու ակտիվիստները, հանրային հեղինակություն ու փող էին վաստակում։
Նրանց ձայնն այսօր չի լսվում։ Ավելին՝ ոմանք առանց որևէ քննարկման դակում են պարտքն աստղաբաշխական թվերի հասցնելու կառավարության որոշումները։ Այն դեպքում, երբ նախկինում ներգրավված արտաքին պարտքի ծախսման արդյունավետությունը՝ խնդիրներ պարունակելով, բազմապատիկ հեռու է այսօրվա պարտքային վատնումից, որը, սակայն, գործող իշխանությանը չի խանգարում շարունակել նախկինների պոպուլիստական քննադատությամբ դիվիդենտներ շահել։
Այսքանից հետո էլ չեն պատրաստվում սահմանափակել պարտքեր վերցնելու իրենց ախորժակը, երբ անգամ չեն պատկերացնում, թե ինչպիսին է պարտքի սպասարկման Հայաստանի կարողությունը։ Այսպիսի անկայուն աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակում ցանկացած պահի կարող ենք բախվել պարտքային ճգնաժամի հետ, բայց դա էլ հաշվի չեն առնում։ Ավելացնում են ու ավելացնում. արդեն նույնիսկ տարեկան 1 մլրդ դոլարով չեն բավարարվում՝ մոտենում ենք 1,5 միլիարդին։
Հայտարարում են, թե պարտք են վերցնում, որպեսզի կապիտալ ծախսեր կատարեն։ Այն դեպքում, երբ այդ ծախսերը կարող էին նաև առանց պարտքերի կատարել, եթե մի քիչ ձգեին գոտիները, մի քիչ արդյունավետ ու տեղին ծախսեին, այդպես առատորեն չշռայլեին իրենց քմահաճույքների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը